Մամուլ

Ինքնազոհաբերվել սովորել եմ ղարաբաղցի ժողովրդից. Արկադի Տեր-Թադևոսյան

Ինքնազոհաբերվել սովորել եմ ղարաբաղցի ժողովրդից։ Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ «Կոմանդոս» եւ «Լեռնային աղվես» մականուններով, NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր հիշողությունները Արցախի անկախության հռչակման օրվա նախաշեմին:

1991 թվականի սեպտեմբերի 2-ին, հիմք ընդունելով «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետությունների դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին»  ԽՍՀՄ օրենքը, ԼՂԻՄ բոլոր մակարդակների եւ Շահումյանի շրջանի պատգամավորների համատեղ նստաշրջանում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (ԼՂՀ): Հռչակագրում, մասնավորապես, նշված էր, որ այն արտահայտում է «ժողովրդի կամքը՝ ամրագրված հանրաքվեի փաստացի անցկացմամբ եւ ԼՂԻՄ ու Շահումյանի շրջանի իշխանության մարմինների 1988-1991 թվականների որոշումներով, ազատության, անկախության, իրավահավասարության եւ բարիդրացիության նրա ձգտումը»:

Ինչպե՞ս է դա եղել        

1991 թվականի սեպտեմբերի նախօրեին Ղարաբաղում անչափ ծանր իրավիճակ էր ստեղծվել: Այդ տարվա գարնանը Ադրբեջանի ղեկավարությունը որոշում էր ընդունել «Կոլցո» («Օղակ» – խմբ.) գործողությունն անցկացնելու մասին, որի նպատակն էր հայ բնակիչներին Հայաստան վտարելը, փաստացի՝ բռնի տեղահանումը: Գյուղերն այրում էին, մարդկանց ծեծում, սպանում, տեղահանում: Դաժանությունը, որով գործողությունն անցկացվում էր, քաոս առաջացրեց: Ղարաբաղը մնաց կախված վիճակում: Ոչ մեկի կողմից աջակցություն չստացող հանրապետությունն օգնության կարիք ուներ:

Ղարաբաղ մեր ժամանումը համընկավ գործողության ձեւական դադարեցմանը: Ձեւական, քանի որ Ադրբեջանի իշխանությունները իրականում չէին կարողանում հանդարտվել, գործողությունը շարունակում էին: Սերժ Սարգսյանի հրամանով ես եկա Հադրութի շրջանի Տող գյուղ: Մեզ ուղարկեցին գյուղը պաշտպանելու՝ շրջանից հայ բնակչության տոտալ տեղահանումը կանխելու համար:

Այնպիսի իրավիճակ էր ստեղծվել, որ Ադրբեջանին թվում էր, թե ինքը շուտով հաղթելու է: Գյուղի հայկական հատվածը պաշտպանում էր միլիցիայի կապիտան Էդիկը, որը զինված էր միայն ատրճանակով եւ 8 փամփուշտով: Ադրբեջանական հատվածը պաշտպանում էին դպրոցի շենքում տեղակայված 200 զինվորներ, 6 զրահամեքենա եւ 50 օմոնական: Տողից հայ բնակչության տեղահանման համար հատկացվել էր 3 օր: Գործընթացն արագացնելու համար ադրբեջանցիները սպանեցին Դանիելյանների ընտանիքից 5 մարդու:

Դրան նախորդած ամիսներին տեղի էր ունենում ադրբեջանական կողմի ուժերի բուռն վերադասավորում: Նրանք պատրաստ էին հարցը շուտով «լուծել»: Գործում էին ըստ հետեւյալ ծրագրի՝ շրջապատում էին գյուղը, բաց թողնում ՕՄՕՆ-ին (Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատ՝ ՄՀՆՋ – խմբ.): Այնուհետեւ կատարվելու էին կողոպուտներ ու բռնարարքներ: Ինչ-որ բան բաժին էր ընկնելու նաեւ խորհրդային զորքերին: «Կոլցո» գործողության ժամանակ ընդհանուր ոչնչացվել է 20 հայկական գյուղ, բռնի տեղահանվել է մոտ 10 հազար մարդ, հարյուրից ավելին սպանվել է, մի քանի հարյուրը գերեվարվել, մեծ մասի ճակատագիրն անհայտ է: Բայց Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ստեղծումը եւ ղարաբաղցիների հերոսական պաշտպանությունը թույլ չտվեցին իրականացնել նողկալի ծրագիրը: Ղարաբաղցիները պաշտպանում էին իրենց հողը, կանանց եւ երեխաներին, ծնողներին, նախնիների շիրիմները: Ղարաբաղի հերոսական ժողովուրդը կարողացավ կանգնեցնել քաոսը:

Տեսություն եւ կյանք

Ինչպես պարզվում է գործնականում, տեսական զինվորական կրթությունը մի փոքր  տարբերվում է իրական պատերազմից: Բայց մենք խանդավառվել էինք ղարաբաղցիների մարտական ոգով: Ջոկատն ապրում էր անտառներում, այլ ջոկատների հետ կապ էինք պահպանում: Հիմնական  շեշտը արագության եւ անսպաելիության վրա էր: Եթե ինչ-որ տեղ ծանր իրավիճակ էր, տեղափոխվում էին այնտեղ: Ղարաբաղում ես հասկացա, թե ինչ է ինքնազոհաբերությունը: Հատկանշական է, որ երբ ես եկա Ղարաբաղ եւ ինձ հարցրեցին, թե ինչի համար  եմ ես դա արել, ասացի՝ եկել եմ Կարսն ազատագրեմ: Հայրս Կարսից է:

Բայց քաղաքականության հետ ոˊչ այն ժամանակ, ոˊչ հիմա չէի ուզում գործ ունենալ:

Քաղաքականությունը երկու կողմ ունի՝ մեկը կործանարար է, որը բաժանում է ազգը, դրանք իշխանությանը ձգտող  մարդկանց խմբերի անձնական շահերն են: Բայց կա նաեւ դրական կողմը. նրանք բոլորը պատրաստ են պայքարել ընդհանուր թշնամու դեմ:

Այդ տեսանկյունից ես մոտ եմ եղել բոլոր կուսակցությունների հետ, առաջնորդների հետ ծանոթ եմ եղել եւ դժվար պահին շատ ենք օգնել իրար:

Ղարաբաղի ժողովուրդն իր ուսերի վրա կրել է պատերազմի դժվարությունները եւ ստեղծել անկախ պետություն, որով մենք բոլորս շատ ենք հպարտանում:

Ինչպես հայտնվեցի պատերազմում

Ես խորհրդային բանակի սպա եմ, կոմունիստ: Ծառայել եմ հայրենիքում, ինչպես նաեւ Չեխոսլովակիայում, Գերմանիայում: Ես երդում եմ տվել ԽՍՀՄ-ին եւ երբ 1988-ին սկսվեց Ղարաբաղյան շարժումը, ես չմիացա դրան:

Այդ ժամանակ ես չէի կարողանում հասկանալ՝ ինչպես կարող է Հայաստանը անվտանգ գոյություն ունենալ Խորհրդային միության կազմից դուրս՝ շրջպատաված լինելով թշնամիներով:

Խոստովանեմ՝    այս հարցում տարաձայնություններ առաջացան կնոջս հետ, որը շարժման կողմնակից էր:

Կարելի է ասել ես պատահաբար հայտնվեցի շարժման մեջ: Մարգարյանի ինստիտուտը դեղեր էր հավաքել Ղարաբաղի բնակիչների համար եւ պետք էր ուղեկցել բեռը: Ես ցանկություն հայտնեցի գնալու: Երբ եկա, տեսա մի «օմոնցու» դեմք: Դա ադրբեջանական ժողովրդի ներկայացուցչի դեմք չէր, դա «օմոնցու» դեմք էր: Ես գիտեմ ադրբեջանցի ժողովրդին, Բաքվում սովորել եմ ադրբեջանցիների հետ: Ես հասկացա, որ դրանք գազանացած արարածներ են, որոնց մեջ ոչ մի մարդկային բան չի մնացել:

Ամենամեծ հարվածն այն էր, երբ մեզ չթույլատրեցին Երեւան տանել 14-ամյա տղային, որի մոտ փտախտ էր սկսվում: Մեզ թույլ չտվեցին երեխային բերել բուժման, որովհետեւ նրանք առաջնորդվում էին հետեւյալ տրամաբանությամբ. տղան կգնա, կբուժվի,  հետո զենք կվերցնի եւ կպայքարի մեր դեմ:

Երբ ես տեսա հակառակորդի գազանացած ներկայացուցիչներին, որոշումը միանգամից հասունացավ:

Ես վերադարձա եւ միանգամից որպես կամավոր ընդգրկվեցի «Սասունցի Դավիթ» ջոկատում: Սակայն Խորհրդային միության մասին իմ հիշողությունները շատ լավն են ու ջերմ:

Եվ ես շնորհակալ եմ ճակատագրին, որ ծանր 90-ականներին հայտնվեցի Հայաստանում եւ Ղարաբաղում՝ թեեւ շատ ընկերներ եւ մտերիմներ կորցրեցի:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Կիսվել