Մամուլ

Ի՞նչ տարօրինակ պայման է դրել Սեն-Դենիի մենեջերը Արման Ծառուկյանի առջև

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի 8-րդ համար Բենուա Սեն-Դենիի մենեջեր Գիյոմ Պելտիեն խոսել է իր սանի և դիվիզիոնի 2-րդ համար Արման Ծառուկյանի հնարավոր մենամարտի մասին՝ սարկազմով ներկայացնելով իրենց «պայմանները»։ Գրում է armsport.am-ը։

«Ինչ վերաբերում է Ծառուկյանին, ապա մենք նրա հետ կմենամարտենք միայն մեկ դեպքում. եթե նրա հայրը գնի իմ և Բենուայի տները՝ կրկնակի թանկ գնով։ Չէ՞ որ այդ փոքրիկը շատ է սիրում գնումներ կատարել։

Ընդհանուր առմամբ, նրա հետ գործ բռնելը ռիսկային է։ Խնդիրը նրա մակարդակը չէ։ Պարզապես, եթե Արմանը մենամարտի նախօրեին որոշի աղմուկ բարձրացնել (օրինակ՝ Նինա Դրամայի հետ կապված պատմությունները), մենամարտի չեղարկման լուրջ ռիսկեր կառաջանան։ Իսկ մենք չենք ցանկանում զուր ժամանակ վատնել նախապատրաստության վրա», — Պելտիեի խոսքերն է մեջբերում «Чемпионат»-ը։

Բենուա Սեն-Դենին փետրվարի 1-ին Սիդնեյում կայացած UFC 325 մրցաշարում տեխնիկական նոկաուտով հաղթանակ է տարել Դեն Հուքերի նկատմամբ (2-րդ ռաունդ)։ Նրա ակտիվում կա 17 հաղթանակ և 3 պարտություն (ևս մեկ մենամարտ ճանաչվել է չկայացած):

Արման Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265-ի շրջանակում՝ նույնպես մրցելով Դեն Հուքերի դեմ։ Այդ մենամարտում Արմանը հաղթել է խեղդող հնարքով (2-րդ ռաունդ)։ Նրա հաշվին կա 23 հաղթանակ և 3 պարտություն։