Մամուլ

Ինչ վարկածներ են շրջանառվում Վալոդյա Գրիգորյանի սպանության հետ կապված

Երեկ գիշեր զինված հարձակման զոհ են դարձել Փարաքար համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը, ով ոստիկանության աշխատակից էր,մեկ անձ էլ վիրավոր է: Իրավապահները դեռ չեն բացահայտել հանցագործությունը, սակայն տեղի ունեցածի մասին վարկածներ են շրջանառվում:

Հայտնի է, որ Գրիգորյանը հակամարտության մեջ էր Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հետ, երկուսի թիմերի միջեւ մշտական բախումն առաջին անգամ ողբերգական ավարտ ունեցավ այս տարվա փետրվարի 5-ին, Մերձավանում հնչել էին կրակոցներ, սպանվել էր մեկ անձ, որը հետո պարզվեց, որ Ախտոյանի ազգականն է: Չի բացառվում, որ սա վենդետայի դրսեւորում է, ինչի թիվ մեկ պատասխանատուն իրավապահներն են, որոնք չեն փորձել կանխել այս զարգացումները։

Ախտոյանի ազգականի սպանության դեպքով մեղադրյալի աթոռին էր հայտնվել նաև Վալոդյա Գրիգորյանի եղբայրը և նրա շրջապատի մարդիկ։ Կրակոցներից ամիսներ անց համայնքում ընտրություններ եղան, և համայնքապետ ընտրվեց Վալոդյա Գրիգորյանը՝ «Միասնություն» դաշինքով, բացարձակ մեծամասնությամբ, ստանալով ընտրողների 57 տոկոս քվեն:

Սակայն համայնքում ներքին լարված մթնոլորտը իշխանության թիմակիցների և Վալոդյա Գրիգորյանի միջև շարունակվում էր ու տեղացիները չեն բացառում, որ նախորդ սպանությունն ու երեկվանը միմյանց հետ կապված են, ամենաթողության եւ կառավարման քաոսի հետեւանքով համայնքապետը սպանվեց։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։