Ինչ ունեցվածք են հայտարարագրել Թագուհի Թովմասյանը և նրա ամուսինը՝ Հայկ Դավթյանը
Ինչ ունեցվածք են հայտարարագրել Թագուհի Թովմասյանը և նրա ամուսինը՝ Հայկ Դավթյանը
Armtimes.com-ը գրում է․ ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը 2022 թվականի մայիսի 17-ին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2021 թվականի գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիրը:
Ըստ այդմ՝ Թովմասյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է 3 բնակարան Երևանի Կենտրոն վարչական շրջանում, երկուսը՝ միանձնյա, մեկը՝ համատեղ սեփականություն, ինչպես նաև 1 հողամաս՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որը կրկին համատեղ սեփականություն է:
Թովմասյանը բանկային հաշիվներում տարեսկզբին ունեցել է 1 միլիոն 200 հազար դրամ, որը տարեվերջին նվազել է՝ դառնալով 1 միլիոն 107 հազար դրամ:
Որպես կանխիկ գումար տարեսկզբին պատգամավորն ունեցել է 7 միլիոն դրամ, իսկ տարեվերջին՝ 6 միլիոն 500 հազար դրամ, ինչպես նաև՝ 2500 եվրո:
Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովից ստացել է 7 միլիոն 879 հազար դրամ աշխատավարձ, «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊԸ-ից՝ 3 միլիոն 805 հազար դրամ, որպես վարձակալության դիմաց ստացված վճար՝ 311 հազար դրամ վարկ՝ «Ինեկոբանկում»:
Ծախսերի հայտարարագիր բաժնում վերջինս ներկայացրել է 11 միլիոն 128 հազար դրամ, որն ուղղվել է վարկերի մարմանը:
Թովմասյանի ամուսինը՝ Հայկ Դավթյանը, Վարդենիս համայնքում հայտարարագրել է 1 հողամաս, ինչպես նաև 1 բնակարան՝ Կենտրոն վարչական շրջանում: Նկատենք, որ երկուսն էլ համատեղ սեփականություն է:
Տարեսկզբին Դավթյանը գնել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, սակայն այն նույն տարում 5 միլիոն դրամով վաճառել է:
Պատգամավորի ամուսնու բանկային հաշիվներին տարվա սկզբին եղել է 499 հազար դրամ, որը հետո ավելացել է՝ դառնալով 514 հազար դրամ, ինչպես նաև՝ 115 հազար դրամ, որը նույնպես ավելացել է և դարձել 319 հազար դրամ:
Որպես կանխիկ գումար վերջինս ներկայացրել է 4 միլիոն 500 հազար դրամ, ինչը տարեվերջին դարձել է 5 միլիոն 450 հազար դրամ, ինչպես նաև՝ 4700 դոլար, որը նույնպես ավելացել է և դարձել 6500 դոլար:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից Հայկ Դավթյանը ստացել է 2 միլիոն 325 հազար դրամ աշխատավարձ, Արման Ռուբիկի Դավթյանից՝ 300 հազար դրամ նվիրատվություն, Վահե Ղալայան Արմենից՝ 2 միլիոն 490 հազար դրամ գույքի օտարման դիմաց գումար, 599 հազար դրամ էլ վարկ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ից: Վարկի մայր գումարը կազմում է 467 հազար դրամ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում