Մամուլ

Ինչ հիվանդություններից պետք է խուսափեն քաղաքացիները՝ այցելելով լողավազան

Armtimes.com-ը գրում է․ Երևանյան ամառների շոգի ու տապի, երբեմն էլ մինչև 40 աստիճանի հասնող ջերմաստիճանի պարագայում լավագույն «դեղամիջոցը» ջուրն է, լողավազաններն ու ջրային տարածքները, որտեղ կարելի է թե՛ զովանալ, թե՛ հաճելի արևայրուք ապահովել, կարճ ասած՝ համատեղել հաճելին և օգտակարը:

Սակայն այս դեպքում էլ «ուրախությունը երկար չի տևի», եթե թե՛ լողավազանի տնտեսավարողները, թե՛ լողավազան հաճախողները չպահեն սանիտարահիգիենիկ նորմերն ու կանոնները, որոնք երկուստեք կազատեն տհաճություններից ու մասամբ կապահովագրեն մարդկանց ամենատարբեր վարակներով ու հիվանդություններով վարակվելու հավանականությունից:

Լողավազաններ հաճախող քաղաքացիների հետ մեր շփումները, սակայն, ցույց տվեցին, որ տարբեր ժամանակահատվածում նրանք բախվել են ամենատարբեր խնդիրների:

Քաղաքացին, որը չի ցանկացել ներկայանալ, մեզ հետ զրույցում նշել է, որ 11-ամյա դստեր ամառային ամենասիրած զբաղմունքը լողավազաններ հաճախելն է եղել, մինչև որ նրա մոտ սկսել են նկատվել տարօրինակ գոյացություններ, ինչն ուղեկցվել է քորով, կարմրությամբ, որն ինչպես հետո է պարզվել, լողավազանի գերքլորավորման հետևանքով է եղել:

«Հենց լողավազան էր մտնում, դուրս գալիս, մաշկը կարմրում էր, սկսում քոր գալ: Իհարկե, դիմեցի մաշկաբանի, պարզվեց՝ սնկային հիվանդություն էր ձեռք բերել, որից հետո հրաժարվեցինք տվյալ լողավազան այցելելուց: Հիմա շատ ավելի բծախնդրորեն եմ լողավազան ընտրում»,- ասում է ծնողը:

Մեկ այլ քաղաքացի՝ 28-ամյա Արուսյակ Կարապետյանը, նույնպես տհաճ հիշողություններ ունի լողավազան այցելելու, լողալ սովորելու որոշման հետ կապված:

«2 տարի առաջ եմ հաճախել ֆուտբոլի ակադեմիայի լողավազան, որից հետո հիվանդությունների մի ամբողջ փաթեթ շահեցի: Նախ, որ երիտասարդ մարզիչը «շատ հոգատար» ու ուշադիր էր միայն սիրունիկ արտաքինով աղջիկների հանդեպ, ու ես, սկսնակ լինելով, մի քանի անգամ սուզվել եմ՝ այդ ընթացքում, բնականաբար, լողավազանի ջուր կուլ տալով:

Լողավազան այցելելուն զուգահեռ մոտս ցան առաջացավ, իսկ դրանից հետո՝ սուր ստամոքսի ցավեր: Դիմեցի բժշկի, ասաց, որ այնքան եմ կեղտոտ քլորաջուր կուլ տվել՝ ստամոքսաղիքային դիզբակտերիոզ եմ ձեռք բերել:

Ընկերուհուս հետ էինք հաճախում, մոտ մեկ ամիս տևած դասերից հետո ընկերուհիս փոխեց լողավազանը, ես էլ սկսեցի բուժվել, դեռ փորձում եմ հեռու պահել ինձ լողավազաններից ու ջրից, քանի որ շատ երկար ու դժվար վերականգնողական փուլ եմ անցել՝ մի շարք թե՛ մաշկային, թե՛ աղիքային խնդիրներից ազատվելու համար»,- պատմում է Արուսյակն ու հավելում, որ անգամ անզեն աչքով կարելի էր կռահել, որ ջուրը կեղտոտ է. «Ջրից տհաճ հոտ էր գալիս ու վիզուալ էլ շատ պղտոր էր»:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, Շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը ևս վերահաստատում է, որ լողավազանի սանիտարահիգիենիկ կանոնների և նորմերի չպահպանումը ռիսկ է պարունակում լողավազանից օգտվողների առողջության համար:

«Հիմնական տարածվող հիվանդությունները մաշկային հիվանդություններն են, 2-րդ տարածված հիվանդությունները՝ աչքի եղջերաթաղանթի ալերգիկ ֆոնի հիվանդությունները, երրորդը աղիքային վարակիչ հիվանդություններն են, որոնք առաջանում են լողավազանի ջուրը կուլ տարու արդյունքում: Դրա համար սահմանված են ջրի որակին ներկայացվող պահանջներ: Քանի որ քլորի քանակը նույնպես կարող է վնասել, պետք է լինի ո՛չ գերքլորացում, ո՛չ էլ թերքլորացում:

Գերքլորացումը նույնպես լի է ռիսկով և վտանգներով, որովհետև սկսած մաշկային հիվանդություններից, վերջացրած աչքի եղջերաթաղանթի ու շնչառական համակարգի որոշակի ախտահարումներ կարող են լինել դրա ժամանակ»,- ասում է Գրիգորյանը:

Հարցին, թե ինչպե՞ս կարելի է անզեն աչքով տարբերակել, որ ջուրը մաքուր է, սանիտարահիգիենիկ բոլոր կանոնները՝ պահպանված, նա արձագանքում է. «Բոլոր սանիտարահիգիենիկ նորմերի պահպանությունը պարզելու համար անհրաժեշտ է իրականացել լաբորատոր հետազոտություն և լինել մասնագետ, բայց կան որոշ մանրուքներ, որոնք կարելի է անզեն աչքով հասկանալ:

Ընդհանուր առմամբ, եթե լինի քլորի սուր հոտ, ջրի պղտորություն, ջրից սուր հոտ, դրանք հենց այն առաջին փոքրիկ նկատառումներն են, որոնք աչք են զարնում, կամ զգում է մարդը, և այդտեղ արդեն պետք է զգուշությամբ մոտենալ, քանի որ դրանք խոսում են լողավազանի ոչ պատշաճ շահագործման մասին»:

Կիսվել