Ինչ կտա չինարենը Աննա Հակոբյանին, և ինչու հայերեն չեն խոսում ՔՊ-ում
Ուրախալի է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը չինարեն բառեր է սովորում։ Պարզ չէ, թե ի՞նչ կտա չինարենը Աննա Հակոբյանին, և ինչո՞ւ նույն ջանասիրությամբ հայերեն չեն սովորում Փաշինյանի թիմակիցները։ Գրում է oragir.news-ը։
«ՀՀ-ում պետական լեզուն հայերենն է։ Պետական գործիչներն օտար լեզվով կարող են խոսել, երբ թարգմանիչ չկա։ Լինում են, սակայն նաև բացառություններ։ Օրինակ՝ ՌԴ-ում հայ գործիչներին պարտադրում են խոսել ռուսերեն։ Այդպես ռուսներն ընդգծում են իրենց դոմինանտությունը, հոգևոր, մշակութային գերազանցությունը և լեզվական ընդհանրությունը երբեմնի վասալ երկրների հետ։
Օտար լեզվով հրապարակավ կարելի է խոսել նաև այն պարագայում, երբ ՀՀ պետական գործիչը ցանկանում է հարգանքի կամ սիրո ցույց մատուցել տվյալ ժողովրդին կամ լսարանին։ Օրինակ՝ օտար երկրում ՀՀ դեսպանը կարող է տվյալ երկրի լեզվով ելույթ ունենալ տոնական առիթներով, ընդգծելով հարգանք տվյալ ժողովրդի նկատմամբ, նրան հասկանալի լեզվով շնորհավորելով տվյալ ժողովրդի ազգային կամ կրոնական տոնը, ցույց տալով ներդաշնակություն տվյալ հասարակության հետ։
Այսօրինակ բացառություններից զատ՝ մյուս բոլոր դեպքերում ՀՀ պետական, քաղաքական գործիչը պարտավոր է խոսել հայերեն։ Ընդ որում՝ պարտավոր են խոսել գրական հայերեն (λόγος), խստորեն պահպանելով լեզվի քերականական կանոնները։ Պետական գործիչն իրավունք չունի հրապարակային խոսքում օգտագործել բարբառային, փողոցային բառեր, օտարաբանություններ, նվնվոց և այլն, բացառությամբ՝ նարատիվային մեջբերումների։ Այս նորմը պահպանում էին Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակ, Հռոմեական կայսրությունում, ամենուր՝ որտեղ պետություն է ստեղծվել։
Սակայն ՔՊ-ական գործիչներն այս տարրական նորմը չեն պահպանում և լոգոսով, կամ ինչպես ասում են՝ գրական հայերեն չեն խոսում հրապարակային տեքստերում։ Ենթադրյալ պատճառն այն է, որ ՔՊ-ականները չեն գիտակցում՝ ինչ է պետությունը, պետական լեզուն, ինչ է լոգոսը։ Այս առումով՝ նրանց վարքն ապապետական է։
Ընդհանրապես՝ լուրջ տեքստը ներկայացվում է լոգոսով, գրական հայերենով, խստերեն պահպանելով լեզվի կանոնները։ Երբ խոսողը գրական է խոսում, այդպիսով ցույց է տալիս, որ իր խոսքը լուրջ է, գիտական, քաղաքական նշանակություն ունի, դատարկախոսություն, բամբասանք, անեկդոտ, մասնավոր զրույց չէ։ Եթե քաղաքական, պետական բարձրաստիճան գործիչը հրապարակային խոսքում կիրառում է բարբառային, փողոցային բառերր, օտարաբանություններ, նվնվոց, գղգղոց, այդպիսով ցույց է տալիս, որ չի գիտակցում՝ ինչ է պետությունն ու պետական լեզուն։ Այդպիսի խոսքը կարելի է լուրջ չընդունել։ Մասնավորապես՝ երբ Նիկոլ Փաշինյանը, ՔՊ-ական պաշտոնյան խոսքում «է» օժանդակ բայի փոխարեն կիրառում է բարբառային, խոսակցական «ա» օժանդակ բայն, այդպիսով ապապետական վարք է դրսևորում, անհարգալից վերաբերմունք պետական լեզվի, պետության նկատմամբ, անլրջացնում իր ասելիքը, զրկում այն քաղաքական, գիտական նշանակությունից։ Աննա Հակոբյանը հավանաբար՝ կարող է հաստատել, որ օրինակ՝ չինացի քաղաքական կամ գիտական գործիչը իր հրապարակային կամ գիտական խոսքում չի կիրառում փողոցային չինարեն, չինարենի բարբառային դարձվածքներ, ձևեր։
Կարճ ասած՝ չնայած՝ պարզ չէ, թե ինչո՞ւ է պետական լեզվի պահպանման հարցում անտարբերություն ցուցաբերող Աննա Հակոբյանը չինարեն խոսք հրապարակում, սակայ կա դրական ակնկալիք, որ չինարեն սովորելուց, չինարենի կիրառման շրջանակներին ծանոթանալուց հետո Աննա Հակոբյանը գուցե կհասկանա՝ ինչ է գրական հայերենը, լոգոսը։ Իսկ հաշվի առնելով նրա ազդեցությունը Փաշինյանի ու թիմի վրա, ենթադրելի է, որ նա կարող է ստիպել վերջիններիս, որ քաղաքական պատասխանատվությամբ վերաբերվեն պետական լեզվին, հրաժարվեն ապապետական խոսույթից, փողոցային, բարբառային ձևերից, հայհոյախոսությունից ու ատելության խոսքից»։



