Մամուլ

Ինչ է քննարկվելու Թուրքիայի ներկայացուցչի հետ առաջիկա հանդիպմանը. Ռուբինյանը մանրամասներ է հայտնել

Ինչպես հայտնել էինք, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում առաջիկա օրերին Հայաստանում նախատեսվում է հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի հանդիպումը:

Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասներ է ներկայացրել սպասվող հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ քննարկվելու է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի ողջ օրակարգը։

«Կքննարկվեն այն քայլերը, որ արվել են մինչ այս, և այն քայլերը, որոնք դեռ ընթացքի մեջ են։ Գիտեք, որ մի քանի թեմա է եղել քննարկման այս տարիների ընթացքում։ Վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի ունեցավ Կարս-Գյումրի երկաթգծի վերականգնման համար անհրաժեշտ տեխնիկական պարամետրերը քննարկելու շուրջ։ Այս ամբողջ սպեկտրը կքննարկվի։ Գիտեք նաև, որ թեմա կա Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, իսկ ընդհանուր գլխավոր թեման հարաբերությունների կարգավորումն է»,- ասել է Ռուբինյանը։

Պատասխանելով հարցին, թե արդյոք հայ-ադրբեջանական գործընթացում արձանագրված համաձայնությունները կարո՞ղ են ազդակ դառնալ հայ-թուրքական հարաբերություններում գործնական քայլերի համար՝ Ռուբինյանը պատասխանեց, որ վաշինգտոնյան հռչակագիրը շատ կարևոր իրադարձություն էր, որը միանշանակ կազդի տարածաշրջանային գործընթացների վրա դրական կերպով և ընդհանրապես տարածաշրջանից դուրս գործընթացների վրա ևս։

«Այս առումով, այո, մենք լավատեսական ենք տրամադրված»,- ընդգծել է նա:

Խոսելով Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացման մասին՝ Ռուբինյանը նշել է, որ սահմանի բացման մասին է ողջ գործընթացը։

«Այն վերաբերում է Թուրքիա-Հայաստան փակ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը։ Բնականաբար, քննարկումներն էլ հիմնականում սրա մասին են։ Ճիշտ եք, որ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանի բացման պայմանավորվածությունը չի իրագործվել մինչ այս պահը ոչ մեր մեղքով, բայց մենք հույս ունենք, որ այն կիրագործվի»,- ասել է Ռուբինյանը։