Մամուլ

Ի՞նչ է սպասվում գազով մեքենա քշողներին

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 26-ի նիստում ընդունեց որոշում, որով խստացվում է ավտոմեքենաների գազաբալոնների տեխնիկական ստուգման պահանջը:

Մասնավորապես, մասնագիտացված լաբորատորիաներում դրանց ստուգման և սերտիֆիկացման գործընթացը կտեսաձայնագրվի: Լաբորատորիաները պետք է պահեն այդ ձայնագրությունները առնվազն կես տարի (անհրաժեշտության դեպքում դրանք կկարողանան ստուգել իրավապահ մարմինների ներկայացուցիչները):

Հիշեցնենք, որ 2025 թվականին Հայաստանում արձանագրվել է գազաբալոնով մեքենաների 5 պայթյուն (սեղմված գազը Հայաստանում մեքենաների հիմնական վառելիքի տեսակներից է):

Դեռևս 2005 թվականից գործող օրենսդրության համաձայն՝ գազով լիցքավորվող ավտոմեքենաների սեփականատերերը պետք է երկու տարին մեկ անցնեն բալոնների լաբորատոր ստուգում:

Գազալցակայաններին արգելվում է սպասարկել այն մեքենաները, որոնք նման ստուգում չեն անցել: Տեսականորեն բալոնների սերտիֆիկացմանը պետք է հետևի Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, սակայն գործնականում նման ստուգումներ չեն իրականացվում:

Կիսվեք ձեր էջում