Մամուլ

Ինչ է պատմել կարևորագույն վկան. նոր մանրամասներ Հարությունյուն Ղարագյոզյան-Կարո Կարապետյան միջադեպից

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` հոկտեմբերի 6-ի աղմկահարույց սպանության եւ հաջորդ օրվա ինքնասպանությունից առաջ ծեծի են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանին:

2018 թվականի հոկտեմբերի 6-ի ուշ երեկոյան Նորք-Մարաշի «Այգի» ռեստորանային համալիրում հնչել էին կրակոցներ: Հրազենային վնասվածքներով ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը շտապ տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, բայց արդեն մահացած: Այնուհետեւ հրազենային վնասվածքներով մեկ այլ քաղաքացի եւս` Սարգիս Ավագյանը՝ Մասիսի Ծնգլ անունով, որը Կարո Կարապետյանի մտերիմներից է, հոսպիտալացվել է: Նա դեռ շարունակում է բուժումը: Մինչ իրավապահները քննում էին կրակոցների վարկածները, հայտնի դարձավ, որ սպանության հեղինակ Հարություն Ղարագյոզյանն ինքնասպան է եղել հաջորդ օրը` ժամը 11:30-ի սահմաններում:

Դեպքից անմիջապես հետո պարզվեց` հանդիպումը նախաձեռնել էր Աբրահամ Մանուկյանը, որպեսզի «բարիշեցնի» Ղարագյոզյանին եւ Կարապետյանին, որոնց հարաբերությունները լարված են եղել: Մեր տեղեկություններով` մշտապես աղմկալի պատմություններով հայտնի Կարո Կարապետյանը՝ Յուվեցի Կարոն, տարբեր մարդկանց տոկոսով փող է տվել եւ հետո սկսել նրանցից պահանջել իր փողերը տոկոսների հետ միասին: Այսպիսով, Հարություն Ղարագյոզյանի՝ Կարամելի Հարութի եւ Կարո Կարապետյանի միջեւ եւս 4 միլիոն դոլարի խոսակցություն է եղել, եւ մեզ հասած լուրերի համաձայն` Կարապետյանը 4 միլիոն դոլար գումար է տվել Հարություն Ղարագյոզյանին, որի շուրջ էլ խոսակցությունները թեժացել են, ու բանը հասել է այնտեղ, որ երկու կողմերը հանդիպեն եւ միմյանց հետ կարգավորեն խնդիրը:

Սակայն այս պատմության մեջ մեկ հարց մնում է անպատասխան. եթե Աբրահամ Մանուկյանը ստանձնել էր Կարո Կարապետյանի եւ Հարություն Ղարագյոզյանի միջեւ առաջացած գումարային հարց ու պատասխանը հարթեցնելու գործընթացը, ապա ինչու էր Հարություն Ղարագյոզյանը հանդիպմանը գնացել զենքով: Մեզ հասած հավաստի տեղեկությունների համաձայն` Աբրահամ Մանուկյանն իր ծանոթ մարդկանց պատմել է, թե մինչ «Այգի» ռեստորանում հանդիպելը նույն օրը` ժամը 18:00-ի սահմաններում, Հարություն Ղարագյոզյանի վրա են հարձակվել Կարո Կարապետյանի թիմակիցները եւ ծեծի են ենթարկել: Դրանից հետո էլ կողմերը որոշել են հանդիպել ու առաջացած տարաձայնությունը կարգավորել, որն էլ ճակատագրական ավարտ ունեցավ երկու կողմերի համար:

Աղբյուր՝ armlur.am

Կիսվել