Մամուլ

Ոսկեպարի եկեղեցու գմբեթից հանել են խաչը․ ի՞նչ է հայտնում համայնքապետը

Սահմանամերձ Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթից հանել են խաչը։ Այս մասին մեզ ահազանգում են քաղաքացիները՝ հայտնելով իրենց մտահոգությունը առ այն, որ հնարավոր է այլևս չտեղադրվի։

ArmLur.am լրատվականը մանրամասներ իմանալու համար դիմեց Ոսկեպար համայնքի ղեկավար Իշխան Աղբալյանին։ Վերջինս մեզ տեղեկացրեց, որ Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության նախաձեռնությունն է։

«Մեզ ասել են տանում են մաքրեն, բերեն նորից տեղադրեն։ Եկեղեցու գմբեթն են վերանորոգում։ Հանձնարարությունը Կառավարությունից է եկել։ԿԳՄՍ նախարարությունն է վերանորոգման աշխատանքներն իրականացնում»,- ասաց համայնքապետ Իշխան Աղբալյանը։

ԿԳՄՍ նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վանյանը ArmLur.am-ին հայտնեց, որ վերանորոգման աշխատանքներով է պայմանավորված խաչի հանելը։ «Հանել
են, վերանորոգումն իրականացնեն ու նորից տեղադրեն»,-ասաց Նելլի Վանյանը։