Ինչ է գտել հայ ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակում, որը մինչև հիմա գաղտնի է պահվում
«Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խումբը Սևանա լճի հատակի ավազների տակ թաղված հնագույն բնակավայրի հետքեր: Ավելին. հիշյալ խմբի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանի տեղեկացմամբ, պատահականորեն հայտնաբերել են նաև ավազների տակ անցած հնագույն բուրգի վերին` գագաթային մասը, որն ավազների տակից ցցված է եղել մոտ մեկուկես մետր բարձրությամբ:
Bavnews.am-ի տեղեկություններով՝ Մեծ Սևանի և Փոքր Սևանի միացման մասում, Արտանիշի հրվանդանի մոտ, Շորժայի հատվածում 4-10 մետր խորության վրա գտնվող այդ բնակավայրը, նախնական գնահատմամբ, մոտ 15 000 տարեկան է, իսկ տարածքը, ըստ նախնական չափումների, շուրջ 4 քառակուսի կիլոմետր:
Վերոնշյալ բացահայտումները նաև արտերկրում են հետաքրքրություն առաջացրել, հատկապես գիտական աշխարհում, մինչդեռ Հայաստանում գրեթե անտարբերություն է: Չկա այն հետաքրքրվածությունը, արձագանքը և հետազոտողների խմբին աջակցելու այն պատրաստակամությունը, որ պետք է լիներ մեր երկրի հնագույն պատմության հետ կապված այս բացահայտումների պարագայում:
Մինչդեռ հիշյալ հետազոտությունները բավական ծախսատար են: Պատկերացում կազմելու համար տեղեկացնենք, որ մեկ անձի մեկ սուզման համար պահանջվում է 25-30 հազար դրամ, խումբն օրական կատարում է 1-2 ժամ տևողության երեք-չորս սուզում, իսկ մեկ սուզումը բավարարում է ընդամենը մոտ 100 քմ տարածք ուսումնասիրելու համար:
Սևանա լճի ստորջրյա հետազոտությունները նախաձեռնած խումբը, որի կազմում են նաև «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի ջրասուզակների խմբի հրահանգիչ Արտակ Էլմասակյանը, Հանրային հեռուստաընկերության լրագրող Աննա Մարտիկյանը, անցյալ տարի գտել և նկարել է պատերի հետքեր, սարկոֆագի նմանվող դամբարան, քարից իրեր, ժայռափոր քանդակներ հիշեցնող կերտվածքներ, երկարությամբ ձգվող սալահատակներ, ինչպես նաև բուրգի վերին մասը, որի մասին արդեն նշեցինք:
Սևանա լճի հատակը հետազոտողների խումբն այս տարի ևս մտադիր է շարունակել իր հետազոտությունները:
Դեռ 2011 թվականին Ռաֆայել Մկրտչյանը Սևանա լճի հատակում, մեկ այլ մասում բացահայտել է մի քարանձավի մուտք: Ենթադրվում է, որ դա այն քարանձավն է, որով սկսվող թունելի ելքը, ըստ ավանդազրույցների, եղել է Բերդկունքի հատվածում 3000-4000 տարի առաջ կառուցված ամրոցի ներքևում: Հետազոտողների խումբն անցյալ տարի ցանկացել է պարզել, թե այդ ստորջրյա քարանձավն ուր է տանում: Սակայն ներս մտնել նրան չի հաջողվել, քանի որ հսկայական ժայռաբեկորները, որոնք հեռացնելու համար հատուկ տեխնիկա է պետք, փակած են եղել քարանձավի մուտքը:
«Մենք, իհարկե, ցանկանում ենք հնարավորինս շուտ սկսել մեր սուզումները, հետազոտությունները Արտանիշի, Շորժայի, Այրիվանքի հատվածներում, բայց քանի որ եղանակը դեռ թույլ չի տալիս, ստիպված ենք սպասել, հենց ջուրը բավականաչափ տաքացավ, կշարունակենք անցյալ տարվա հետազոտությունները»,- տողերիս հեղինակի հետ զրույցում ասաց Ռաֆայել Մկրտչյանը:
Ըստ նրա, քանի դեռ չեն սուզվել, չեն կարող ասել` վերստին կգտնե՞ն այդ հնագույն բնակավայրը, քանի որ ավազներն այն կարող են ամբողջովին ծածկած լինել: Հնարավոր է նաև հակառակը` ստորջրյա հոսանքների, շարժի շնորհիվ այդ երբեմնի բնակավայրն ավազներից կարող է ավելի ազատված լինել: Համենայն դեպս, հիմա դրա մոտավոր տեղը գիտեն: Մեզ, բնականաբար, հետաքրքրեց, թե արդյոք չկա՞ն սարքեր, որոնք թույլ կտան ավազի տակ հայտնաբերել ջրասույզ եղած բնակավայրն ու բուրգի թեկուզ գագաթը, չէ՞ որ գիտությունն ու տեխնիկան արագորեն զարգանում են:
«Այդպիսի տեխնիկա ընդհանրապես կա, բայց այն չի կարող այդպիսի խորություններում աշխատել, դրա համար մեր պեղումներն ավելի են բարդանում,- ասաց Ռաֆայել Մկրտչյանը:
– Եթե այդպիսի սարք լիներ, որ մենք կարողանայինք օգտագործել, իհարկե, լավ կլիներ, բայց ամենավերջին այդ սարքերից մենք բերել, փորձարկել ենք, 1-2 մետրից արդեն չեն աշխատում, քանի որ ջրի ճնշումը բարձր է, դրանք նախատեսված չեն մեծ խորություններում աշխատանքի համար: Նույնիսկ նախկին սերնդի ստորջրյա տեսախցիկները 5-7 մետրից չէին աշխատում, կամայական ինչ-որ գործողություններ էին կատարում, քանի որ ջրի ճնշումից սեղմվում էին այդ սարքերի կոճակները:
Ի դեպ, Սևանա լճում ջրի տակ մենք կողմնացույց էլ չենք կարողանում օգտագործել, այն խաբում է մեզ, քանի որ հատակին երկաթի և այլ ապարներ կան, հզոր մագնիսական դաշտ կա, որը խանգարում է: Կողմնացույցով առաջնորդվելը վատ վերջաբան կարող է ունենալ, ավելի լավ է, մենք մեր «ուղեղի կողմնացույցով» կողմնորոշվենք: Այդ ջրասույզ բնակավայրը նորից գտնելուց հետո, դրա ստույգ տեղորոշման համար համագործակցելու ենք ռոբոտատեխնիկայի մի մեծ խմբակի հետ, որը պատրաստելու է դրոն (ուղղաթիռի նման անօդաչու փոքրիկ թռչող սարք):
Դրանով փորձելու ենք չափագրել այդ բնակավայրը, քարտեզագրել, որպեսզի պատկերացում ունենանք, թե որքան է լինելու հետազոտությունների ծավալը: Քանի որ դա անցյալ տարի չկարողացանք անել, այս տարի առաջին հերթին կփորձենք այդ բնակավայրի չափերը որոշել, դրոնով վերևից նկարել հատակի վրա, 7-9 կետերում դրվելիք ուժեղ աղբյուրներից ճառագայթող լույսերը: Եթե ջուրը պարզ է լինում, ճառագայթները հստակ երևում են»:
Հիշյալ ակումբի ջրասուզակների խմբի ղեկավարի տեղեկացմամբ, Սևանա լճի հատակում պեղումներ կատարելը շատ դժվար է, ջրի տակ փորելու ինչ-որ սարք չկա, միայն բահն է, սակայն երբ դրանով փորձում են ավազը բացել, այն կողքերից նորից գալիս, լցվում է փորված տեղի մեջ:
«Սևանա լճի տակ ավազի հոսքը շատ մեծ է, բացի այդ, 8-9 մետր խորությունից ահավոր տիղմ է սկսվում, հիմնականում (տարածքի մեծ մասում) մեկից երկու մետրանոց տիղմի շերտ է, այն մաքրել հնարավոր չէ»,- ասաց Ռաֆայել Մկրտչյանը: