Աշխարհ

Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից


Ինչ են պատրաստվում Պուտինն ու արևմուտքը պոկել Լուկաշենկոյից

Hayeli.am-ը գրում է․ Երկրորդ օրն է՝ ամբողջ Բելառուսում բողոքի ցույցերը չեն դադարում, երեկ ոստիկանությունը հաստատեց, որ ցուցարարներից մեկը զոհվել է՝ իրավապահների հետ բախումների ժամանակ, կան հազարավոր ձերբակալվածներ։

Բելառուսում ընդդիմությունը համազգային գործադուլ է հայտարարել, երեկոյան էլ պատրաստվում է վերստին բողոքի ցույց անցկացնել կիրակի տեղի ունեցած նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքների դեմ, որոնց համաձայն ավելի քան 25 տարի երկիրն առաջնորդող Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական հաղթանակն է տարել՝ ձայների 80 տոկոսով։

Երեկ առավոտյան Լիտվայի արտգործնախարարը հաղորդեց, որ Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան հեռացել է Մինսկից և այժմ գտնվում է Վիլնյուսում: Ըստ Լինաս Լինկևիչուսի, մինչ այդ Բելառուսի իշխանությունները ձերբակալել են նրան և յոթ ժամ պահել անազատության մեջ՝ առանց որևէ հիմնավորման։

Ավելի ուշ տեսաուղերձ է տարածել նաև ինքը՝ նախագահի ընդդիմադիր թեկնածուն, դողացող ձայնով պնդելով, որ մարդկային կյանքը վեր է ամեն ինչից։ Տիխանովսկայայի վստահված անձանցից մեկն էլ ասել է՝ «այժմ մենք երկու խնդիր ունենք՝ պաշտպանել մեր ընտրությունը և դադարեցնել արյունահեղությունը, իրավիճակը ճգնաժամային է, և որքան էլ բարդ է, պետք է հրաժարվել բռնությունից և պաշտպանել մեր հաղթանակը օրինական, ոչ բռնի միջոցներով»։

Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը խորը մտահոգություն են հայտնել՝ կոչ անելով Բելառուսի իշխանություններին հարգել հիմնարար ազատություններն ու իրավունքները, և զերծ մնալ ուժի գործադրումից։ Պետքարտուղար Մայք Փոմփեոն առանձին հայտարարություն է տարածել՝ հորդորելով կառավարությանը հարգել խաղաղ հավաքների մասնակցելու՝ սեփական քաղաքացիների իրավունքն ու ազատ արձակել ձերբակալվածներին:

Այսպես, Բելառուսում հետընտրական ցույցերը շարունակվում են, ոստիկանությունը կոշտ միջոցներ է կիրառել: Ներքին զորքերի նախարարությունը հայտնում է, որ մեկ հոգի մահացել է: Ըստ պաշտոնական տեղեկատվության, հատուկ ջոկատայիններին դիմադրելիս ցուցարարներից մեկը փորձել է պայթուցիկ նետել իրավապահների ուղղությամբ, սակայն այն պայթել է իր ձեռքում, ինչի հետևանքով տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել:

Բազմաթիվ քաղաքներում, այդ թվում` մայրաքաղաք Մինսկում որոշ լրատվամիջոցներ հայտնում էին՝ տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել բողոքի ակցիաների՝ պահանջելով ավելի քան քառորդ դար նախագահած Ալեքսանդր Լուկաշենկոյից հեռանալ:

Իրավապահները ուժ էին կիրառել՝ ռետինե փամփուշտներ, լուսաձայնային նռնակներ, ջրցան մեքենաներ, հաղորդվում է մի քանի տասնյակ տուժածների մասին։ Սպասվում է, որ բողոքի ակցիաները կարող են շարունակվել նաև այսօր։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել