Ինչպես Պապիկյանին վերելակով «փախցրին»․ ի՞նչ էր տեղի ունեցել «Հրապարակ»
Ինչպես Պապիկյանին վերելակով «փախցրին»․ ի՞նչ էր տեղի ունեցել
Hraparak.am-ը գրում է․ ՀՀ պաշտպանության նախարար, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Սուրեն Պապիկյանը երեկ Երևանի պետական համալսարանում էր, որտեղ օրակարգային հինգ հարցերի վերաբերյալ նիստ տեղի ունեցավ։
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը հոգաբարձուների խորհրդին նախ ներկայացրել է 2020-2021 ուստարվա ԵՊՀ գործունեության վերաբերյալ ռեկտորի հաշվետվությունը։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը միաձայն որոշում է կայացրել` հավանություն տալ 2020-2021 ուսումնական տարվա ընթացքում «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի գործունեության ռեկտորի հաշվետվությանը և բավարար գնահատել 2020-2021 ուսումնական տարվա գործունեությունը: Հովհաննիսյանը հավաքվածների հաստատմանն է ներկայացրել նաեւ «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Խորհուրդը 16 կողմ և 1 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատել է 2022 ֆինանսական տարվա եկամուտների և ծախսերի նախահաշիվը:
Ռեկտորը նաև ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել գիտական խորհրդի կողմից հաստատված կառուցվածքային փոփոխությունների առաջարկը, որով նախատեսվում է վերակազմավորել, լուծարել և ստեղծել կառուցվածքային մի շարք ստորաբաժանումներ:
Ըստ առաջարկի՝ նաև ԵՊՀ-ն ունենալու է 4 պրոռեկտոր՝ ակադեմիական հարցերի գծով, գիտական հարցերի գծով, զարգացման և նորարարությունների գծով ու ընդհանուր հարցերի գծով:
ԵՊՀ ռեկտորը, առաջարկին զուգահեռ, ՀԽ-ի հաստատմանն է ներկայացրել նաև հաստիքացուցակը։ ԵՊՀ ՀԽ-ն երեկ որոշել է ձևավորել աշխատանքային խումբ, որը ռեկտորատի հետ քննարկելու է աշխատավարձերի վերաբերյալ առաջարկվող փոփոխությունները և ներկայացնելու է հոգաբարձուների խորհրդի անդամներին:
Քվեարկությամբ որոշվել է, որ աշխատանքային խմբի կազմում ներառված են լինելու Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը, Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնի վարիչ Վարուժան Աթաբեկյանը և ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանը:
Հոգաբարձուների խորհուրդը 13 կողմ, 3 ձեռնպահ և 1 դեմ ձայների համամասնությամբ նաեւ որոշել է հաստատել գիտխորհրդի կողմից ներկայացված կառուցվածքային փոփոխությունները, ապա 13 կողմ և 4 ձեռնպահ ձայների համամասնությամբ հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2022 թվականի հաստիքացուցակը, սակայն դրանով սահմանված վարչական կառուցվածքային ստորաբաժանումների աշխատավարձերը որոշել է հաստատել 2021 թվականի համամասնություններով, իսկ լրավճարները՝ ներկայացված տարբերակով:
Օրակարգային վերջին հարցի շրջանակում ՀԽ-ն միաձայն հաստատել է «Երևանի պետական համալսարան» հիմնադրամին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված տարածքների մի մասի վարձակալության տրամադրման վերաբերյալ հայտը։
Հիշեցնենք, որ երեկ լրագրողներին այդպես էլ հնարավորություն չտրվեց լուսաբանել հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, իսկ դրա ավարտից հետո Սուրեն Պապիկյանին նրա անվտանգության աշխատակիցները վերելակով պարզապես փախցրին, իսկ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում ու դեպի ավտոմեքենա տանող ճանապարհին Պապիկյանը չպատասխանեց որևէ հարցի։