Ինչպե՞ս են փոքրիկ Տիգրանի քույր-եղբայրները, կապ կա՞ մոր հետ․նոր մանրամասներ
Հոկտեմբերի 27-ից որոնվող և նոյեմբերի երկուսին մահացած հայտնաբերված 3-ամյա Տիգրան Օվանեսովի քույրն ու եղբայրները դեռևս ադապտացիայի շրջանում են, փորձում են ինտեգրվել, հարմարվել իրավիճակին։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասել է ՀՕՖ-ի «Մարդիգյան» երեխաների պաշտպանության կենտրոնի ղեկավար Միրա Անտոնյանը։
Նրա խոսքով՝ երեխաները դեռ շփոթված են, բայց ամեն ինչ արվում է, որ ինտեգրվեն միջավայրին։
«Այս ընթացքում մեկ անգամ հեռախոսով զրուցել են մոր հետ։ Մենք էլ մի անգամ այցելել ենք մորը, զրուցել հետը, գնահատել նրա վիճակը»,- ներկայացրել է Անտոնյանը։
Ինչ վերաբերում է Տիգրանի ավագ եղբորը, որի մոտ է, ըստ նախնական տվյալների, հայրը սպանել երեխային, ապա այս փուլում նրա հետ հոգեբան ու լոգոպեդ է աշխատում։
«Երեխան շփոթված է, բայց մասնագետներն աշխատում են»,- ներկայացրել է նա։
Տեղեկացնենք, որ Տիգրանի հուղարկավորությունից հետո մայրը լքել է Ծափաթաղը, այժմ գտնվում է հայրական տանը։



