Ինչպես են երևանցիները քվեարկել քաղաքի տարբեր վարչական շրջաններում․ արդյունքները հայտնի են
ԿԸՀ-ն Երևանի ավագանու ընտրությունների ընդհանուր արդյունքներից հետո հրապարակել է վարչական շրջանների քվեարկության արդյունքները։
«Իմ քայլը» դաշինքը, որը հաղթել է ընտրություններում, ամենից շատ քվե է ստացել Էրեբունիում և Մալաթիա-Սեբաստիայում։ Նախկին իշխանության օրոք այս շրջանները ձայներ բերելու առումով «չալաղաջ» էին համարվում։ Էրեբունիում ձայներ հավաքելու «պատասխանատուն» Մհեր Սեդրակյանն էր (Թոխմախի Մհերը), իսկ Մալաթիա-Սեբաստիայում` խոշոր գործարար Սամվել Ալեքսանյանը։ 2012 թվականին հենց այս վարչական շրջանի բնակիչների քվեների միջոցով էր պատգամավոր ուզում ընտրվել նաև այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց (ԿԸՀ տվյալներով) նա զիջեց նույն Սամվել Ալեքսանյանին։
Այժմ այդ շրջաններում Փաշինյանի աջակցությունը վայելող «Իմ քայլը» դաշինքը համապատասխանաբար 86,2% և 84,6% քվե է ստացել։
«Իմ քայլը» համեմատաբար քիչ ձայն է ստացել Նուբարաշենում` 71%։ Այստեղ առանձնացել է ԲՀԿ-ն։ Ընդհանուր առմամբ քաղաքում հավաքած ձայներով այս կուսակցությունը երկրորդն է, սակայն այստեղ 23,3% է հավաքել (բոլոր մյուս շրջաններում` 10%-ից ոչ эат)։ Ի դեպ, այս շրջանում է ապրում ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որտեղ էլ երեկ քվեարկել է։
Կենտրոն Արաբկիր վարչական շրջաններում «Իմ քայլը» համապատասխանաբար 76% և 77% է հավաքել։ Այստեղ մի փոքր բարձր ցուցանիշներ են գրանցել «Լույս» դաշինքը (Արտակ Զեյնալյանի գլխավորած) և «Երևանի հանրությունը» (Անահիտ Թարխանյան)։ Փոքր-ինչ բարձր ցուցանիշ են արձանագրել նաև Զարուհի Փոստանջյանի «Երկիր ծիրանի» կուսակցությունը, Արարատ Զուրաբյանի «Երևանցիներ» դաշինքը և ՀՅԴ-ն։
«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը քաղաքի գրեթե բոլոր վարչական շրջաններում 0,2% քվե է ստացել։ Բացի Քանաքեռ-Զեյթունից, որտեղ գտնվում է նրա շտաբը։ Այստեղ կուսակցությունը 0,8% է ստացել։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններում հաղթեց «Իմ քայլը» դաշինքը, որին կողմ է քվեարկել ընտրողների 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրորդ հորիզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։ Ընտրությունների մասնակցությունը կազմել է 43,65 տոկոս (370323 ընտրող)։ Այսպիսով՝ «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը դարձավ Երևանի նոր քաղաքապետ։ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին։
Աղբյուր՝ armeniasputnik.am