Ինչպե՞ս երեխաներին շեղել համակարգչային խաղերից. Լիլիթ Մակունցը հանճարեղ մտահաղացում է առաջարկում
Ինչպե՞ս երեխաներին շեղել համակարգչային խաղերից. Լիլիթ Մակունցը հանճարեղ մտահաղացում է առաջարկում
Մեր մշակույթի նախարարությունը մտադիր է հոկտեմբերին ներդնել մի ծրագիր, որը դպրոցականներին հնարավորություն կտա անվճար, սեփական ընտրությամբ մշակութային միջոցառումներ այցելել։ Օգտակար նախաձեռնություն է, նույնիսկ ազնվական, եթե այն իրական աշխատանքի վերածվի։ Հայաստանի մշակույթի նախարարությունը պատրաստվում է խթանել դպրոցականների հետաքրքրությունը դեպի թանգարանները, թատերական ներկայացումներն ու համերգները։
Նախարար Լիլիթ Մակունցը Մշակույթի նախարարությանը ենթակա թանգարանների տնօրենների հետ վերջերս կայացած հանդիպմանը ներկայացրել է սկզբունքներն ու հիմնավորել է դպրոցական աբոնեմենտների համակարգի ներառման անհրաժեշտությունը։ Մակունցը կարծում է, որ այդ համակարգը կամրապնդի դպրոցների ու մշակույթի օջախների միջև եղած կապը։
«Երեխան առնվազն վեց տարեկանից պետք է սովորի այցելել մշակութային հաստատություն՝ ազատ ընտրության սկզբունքով, առանց որևէ պարտադրանքի, իսկ կառավարությունը յուրաքանչյուր աշակերտի համար պատրաստ է ապահովել առնվազն երեք մշակութային հաստատություն անվճար մուտք գործելու հնարավորություն»,–ասել է Մակունցը։ Նոր համակարգը կսկսի գործել այս հոկտեմբերին, երբ պարզ դառնա Հայաստանի աշակերտների թիվը։
Բանն այն է, որ երեք մշակութային միջոցառման (թատրոն, թանգարան ու համերգասրահ) այցելության աբոնեմենտները թողարկվելու են աշակերտների հստակ քանակի համապատասխան։ Նախաձեռնությունը միայն ողջունելի է. մշակույթի նախարարությունը հիշել է խորհրդային ժամանակների պրակտիկան, այն ժամանակ աբոնեմենտները սովորական բան էին։ Լավ կլինի, եթե հաջողվի այսօրվա դպրոցականներին պոկել համակարգիչներից ու ամբողջովին նրանց կլանած սմարթֆոններից և տանել թանգարաններ ու համերգներ, թեկուզ՝ տարեկան երեք անգամ։
Ճիշտ է, կարելի է վիճել դպրոցականներին տրամադրված «ազատ ընտրության» հետ. դժվար թե հայ–հնդկական սերիալների սերունդը կարող է 6–7 տարեկանում ազատ ընտել`որ համերգին գնալ ու արդյո՞ք արժե տեսնել, օրինակ, իմպրեսիոնիստներին։ Դա նույնիսկ մեծերից շատերին կարող է փակուղու առաջ կանգնեցնել, էլ ինչ ասենք երեխաների մասին։ Այդ պատճառով պարտադրանք ինչ–որ չափով անխուսափելի է։
Բայց ասենք, ծնողների օգնությամբ ազատ ընտրություն կատարվեց։ Երևանցի երեխաներն օրինակ ոչ մի դժվարություն չեն ունենա մշակույթի ցանկացած օջախի այցելության հարցում։ Իսկ հեռավոր գյուղերի դպրոցականների աբոնեմենտները կարող են չօգտագործված մնալ։ Ծնողներ են, կարող է պարզապես երեխային մայրաքաղաք տանելու ժամանակ ու գումար չունենան, հատկապես դաշտի աշխատանքների թեժ պահին։ Մեղրեցի դպրոցականին Երևան գալու ու ներկայացում նայելու համար պետք կլինի գիշերակաց։ Այդ ժամանակ պետք է մտածել` ինչպես մարզերի երեխաների համար Երևան էքսկուրսիաներ կազմակերպել։
Դա իր հերթին մի շարք կազմակերպչական խնդիրներ է առաջ քաշում. տրանսպորտի, վառելիքի, ազատ ժամանակի… Ազատ ընտրության սկզբունքն էլ է տուժում. մայրաքաղաք եկած բոլոր երեխաները կարող են միայն մեկ միջոցառում այցելել, իսկ մեկն ուզում է գնալ ասենք ոչ թե թատրոն, այլ՝ համերգասրահ, երրորդը` Կենդանաբանական այգի, իսկ մեկն ընդհանրապես «Ջրաշխարհ»։ Վերջերս փորձում էին ստեղծագործական համույթներն ուղարկել հանդիսատեսի մոտ. հնարավոր է, որ դպրոցականների համար նախատեսված աբոնեմենտների պարագայում էլ այդ փորձն էլ օգտագործվի։
Այս ամենը դեռ չի նշանակում, որ մշակույթի նախարարության նախաձեռնությունն անպետք է։ Հակառակը, ցանկալի կլիներ, որ այն հերթական ձևական միջոցառման չվերածվի։ Հայաստանում դպրոցական տարիքի բազում երեխաներ կան, որոնք կյանքում Երևանում չեն եղել։ Երևի, կարելի է այնպես անել, որ մայրաքաղաք կատարած իրենց առաջին այցելությունը հիշվի վառ գույներով և ուրախ տպավորություններով։
Աղբյուր՝ armeniasputnik.am