Մամուլ

Ինչու էր իրականում Նիկոլ Փաշինյանն այցելել Մոսկվա

Ինչու էր իրականում Նիկոլ Փաշինյանն այցելել Մոսկվա

Hraparak.am-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցը, հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բավական լայն կերպով քննարկվեց թե՛ հայկական եւ թե՛ ռուսական մամուլում, ե՛ւ վերլուծաբանների կողմից։

Ընդհանուր տրամաբանությունն այն է, որ այցը եւ հանդիպումը փորձ է արվում ներկայացնել Հայաստանում առաջիկա հունիսի 20-ին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավի լույսի ներքո։ Հանդիպման օրակարգն էլ բավականին կանխատեսելի էր, որը ներկայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից՝ ղարաբաղյան իրադրություն, էներգետիկա, կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական պատվաստանյութի տրամադրում, հայ-ռուսական հարաբերությունների խորացում (ներառյալ ռազմական եւ ռազմատեխնիկական ոլորտում):

Առաջին իսկ պահից ուշագրավ էր այս օրակարգի հանդեպ Պուտինի արձագանքը, ով հայտարարեց, որ ամենից կարեւոր եւ արդիական հարցը հիմա ղարաբաղյան իրադրությունն է՝ դրանից բխող հետեւանքներով։ Այսինքն՝ Ղարաբաղում տիրող վիճակը, տրանսպորտային եւ տնտեսական կապերի վերականգնումն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։

Պարզ ասած՝ Պուտինը Փաշինյանի ներկայացրած օրակարգի դիմաց դրեց իր «կոնտր-օրակարգը» կամ «դաբրո» տվեց Փաշինյանի օրակարգի երկու կետին՝ ղարաբաղյան իրադրություն եւ կորոնավիրուսի դեմ նախատեսված ռուսական պատվաստանյութի տրամադրում։ Հայ-ռուսական հարաբերությունների խորացումը, ինքնին հասկանալի է, չունի կարիք հավելյալ «դաբրոյի» Կրեմլի կողմից, որովհետեւ այն, ինչ էլ խոսվի-չխոսվի, միշտ կարեւոր է։

pashinyan putin 1

Էներգետիկ բաղադրիչը կամ Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման առաջարկը, որն արվեց Փաշինյանի կողմից, նոր բան չէ։ Ինչպես նկատել է Մոդեստ Կոլերովը, այն դեռ Սերժ Սարգսյանի ժամանակներից եկող հարց է։

Ըստ Կոլերովի՝ «Փաշինյանը թարմացնում է ռուսական ուժերի կողմից նորի կառուցման գաղափարը․․․ Սա պարզապես փորձ է՝ ՌԴ-ի քթի տակ թափահարել ինչ-որ ծանոթ մի բան, բայց եթե դու ուզում ես տնտեսական աջակցություն ստանալ, ապա երեւի թե պետք է Հայաստանում ստեղծես տասնյակ հազարավոր աշխատատեղեր։

Իսկ ԱԷԿ-ը 10-15 տարի անց այդ աշխատատեղերը չի ստեղծելու։ Հիմա՛ պետք է ստեղծել դրանք։ Հաշվի առնելով Հայաստանում այն աշխատուժի ավելցուկը, որ չի օգտագործվում, պետք է ստեղծել նման աշխատատեղեր՝ ոչ թանկ, ստարտային, աշխատատեղեր, որոնք միանգամից տասնյակ հազարավոր մարդկանց եւ հատկապես կանանց աշխատանքով կապահովեն։

Դա տեքստիլ արդյունաբերությունն է։ Բայց նման բաների մասին Փաշինյանը ոչ միայն չի խոսում, այլեւ վայրկյան իսկ չի մտածում։ Ինչո՞ւ, որովհետեւ իր խնդիրը Պուտինին դուր գալն է։ Նրան թվում է, որ եթե նման բան ասի, վերջինս երջանկությունից կփայլի։ Սա Ռուսաստանի մասին շատ պրիմիտիվ պատկերացում է։ Նա ակնհայտորեն մեզ ապուշի տեղ է դրել։ Ազնիվ խոսք։ Ռուսաստանը դրա համար փող չի տա»։

Այս հայտարարությունը կարելի է համարել Նիկոլ Փաշինյանի՝ հայ-ռուսական օրակարգի էներգետիկ բաղադրիչի՝ նոր ատոմակայան կառուցելու հարցի «դատավճիռը»։ 

Սակայն կա մի բավական հետաքրքիր եւ ինտրիգային հարց․ իրո՞ք Փաշինյանն այդքան պրիմիտիվ պատկերացումներ ունի Ռուսաստանի մասին, եւ իրո՞ք օրակարգում միայն այս հարցերն են եղել։

putin pashinyan

Այս հարցերին մոտավոր պատասխանելու համար վերհիշենք, թե երեկ ինչ կատարվեց Հայաստանում։ Իշխանությունները նախ հայտարարեցին, թե գերիների վերադարձ է լինելու, ապա Բաքվից Երեւան ժամանեց գեներալ Մուրադովի օդանավը՝ առանց գերիների։ Անգամ գրվեց, որ Մուրադովը միայնակ չի ժամանել՝ նրա հետ Հայաստան է եկել թուրք-ադրբեջանական մի պատվիրակություն, որի առաքելությունը Մեղրիի տարածքում կառուցվող ճանապարհի տեղորոշումն է, այսպես ասած՝ տեղանքի ուսումնասիրությունը։ 

Արդեն ուշ երեկոյան Կրեմլը հրապարակեց հաղորդագրություն, որ տեղի է ունեցել հետախոսազրույց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ։ Օրակարգը նույնն է՝ ղարաբաղյան իրադրություն, տնտեսական եւ տրանսպորտային կապերի ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակում եւ այլն։ Այս լույսի ներքո փոխվում է ամեն ինչ արմատապես, ներառյալ Փաշինյանի՝ Մոսկվա այցի եւ Պուտինի հետ հանդիպման տրամաբանությունը։

Ստացվում է, որ Փաշինյանն ամենեւին էլ նախընտրական նպատակներով չի գնացել Մոսկվա, ինչպես կասկածելի միասնականությամբ հայտարարում էին ռուսական պարբերականներն արդեն երկու-երեք օր՝ վերլուծելով Պուտին-Փաշինյան հանդիպումը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կաքյում

Կիսվել