Ինչու էր Թաթայի համերգը «արժանապատվություն նվաստացնող», Քոչարյանի հարսինը՝ «լիցքաթափվելու հիանալի առիթ»
Ինչու էր Թաթայի համերգը «արժանապատվություն նվաստացնող», Քոչարյանի հարսինը՝ «լիցքաթափվելու հիանալի առիթ»
«Հայկական ժամանակը» գրում է․ Օրեր առաջ՝ հուլիսի 27-ին, երբ Գյումրիում տեղի էր ունեցել «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնը, և որին ելույթով հանդես էր եկել ՀՀ վաստակավոր արտիստ Թաթա Սիմոնյանը, Հայաստանի ընդդիմադիր շրջանակները սկսել էին իրենց հատուկ ոճով՝ ընդհուպ մինչև արտիստին անձնական վիրավորանքներ հասցնելով, քննադատել այն։
Վերջիններս համերգն անվանել էին «քաղաքացիների արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված օպերացիա», նրանց անհանգստացրել էր հատկապես, որ համերգն անվճար էր և դա կոչել էին «հարկատուների փողերով» կազմակերպված։
Նկատենք՝ օգոստոսի 4-ին էլ Երևանում՝ տոմսի արժեքը մինչև 20 հազար դրամի սահմաններում, կայացավ «Summer fest 2024»-ը, որի ընթացքում ելույթ ունեցողներից մեկն էլ Ռոբերտ Քոչարյանի հարսն էր՝ երգչուհի Սիրուշոն։ Հետաքրքիր է, որ ընդդիմադիրներն այս դեպքում «ձայն բարբառոյ հանապատի» կարգավիճակում էին, իսկ համերգն անվանում էին «հիանալի առիթ լիցքաթափվելու համար»։
Ռեժիսոր, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայանի համար ընդդիմադիրների նման վարքագիծը զարմանալի չէ։ Նա հիշեցնում է՝ ընդդիմության մի հատվածն ամռան տապին դեռ շարունակում է «հայրենիք փրկել» (ԽՄԲ.-նկատի ունի Վազգեն Գալստանյանին), մի մասն էլ հանգստի է մեկնել, որ հայրենիքի փրկությունը աշնանը շարունակի։
«Այնպես որ, սա նրանց մոտ նորմալ երևույթ է։ Հիմա մի մասն էլ ասում է՝ արդեն փրկել եմ, գնում եմ՝ հանգստանամ։ Քննադատությունները, որին մենք ականատես եղանք Թաթայի համերգին, խոսում է հենց ընդդիմության տգիտության ու մակերեսային մոտեցման մասին։ Այո՛, պետությունը պետք է համերգ կազմակերպի, որովհետև կյանքի իմաստը կյանքն է, ոչ թե մահը, մարդ պետք է ապրի, այլ ոչ թե ամբողջ օրը սուգ անի։ Ընդ որում՝ իրենց սուգին ես չեմ հավատում, նրանք մասնակցում են քեֆերի, միջոցառումներ են կազմակերպում, ամեն ինչ էլ անում են»,- «Հայկական ժամանակ»,-ի հետ զրույցում ասում է նա։
Բաբայանը նկատում է՝ քաղաքական ուժերը փորձում են ամեն ինչ քաղաքականացնել։ Ըստ նրա այն, ինչ կատարվել է՝ իրականում կապ չունի որևէ երգչի կամ դերասանի հետ, այլ ցույց է տալիս վիրավորողի մակարդակը:
«Եթե ամբողջ կյանքը բաժանվում է կուսակացական պատկանելության, դա նշանակում է, որ դու զրկվում ես կյանքի նորմալ ընկալումից և սկսում ես ամեն ինչ ընկալել այսպես՝ իշխանությունն արեց՝ վատ է, կործանվում ենք, կործանվում է հայրենիքը, մենք ենք արել՝ լավ է, փրկվում ենք, փրկվում է հայրենիքը։ Սա ցավալի փաստ է։ Տգիտությունն է եռում նման մարդկանց մոտ։
Հայտնի խոսք կա՝ «Երբեք մի՛ վիճեք հիմարների հետ, նրանք կտեղափոխեն ձեզ իրենց դաշտ, իսկ այնտեղ նրանք անպարտելի են»։ Ապուշներին որևէ բան ապացուցելու պրոցեսը դատապարտված է, արհամարել է պետք»,- նշում է Բաբայանը։
Նրա խոսքով՝ ընդդիմության համարձակության մասին նույնիսկ խոսք գնալ չի կարող, երբ մի դեպքում նրանք «ոչնչություն» են անվանում ՀՀ վաստակավոր արտիստին, մյուս դեպքում՝ գովերգում են իրենց քաղաքական ղեկավարի հարսին։ Բանախոսն այս համատեքստում հետաքրքիր համեմատություն է անցկացնում։
«Դեմագոգիա է, ասում են՝ «սրիկայի վերջին ապաստարանը հայրենասիրության մեջ է»։ Եթե չկա մասնագիտական մոտեցում, չեն խոսում նրա մասին՝ արդյո՞ք համերգը հետաքրքիր էր, թե՝ ոչ, սկսում են առաջնորդվել նման հարցերով, ապա մնացած հարցերը գավառականություն են։ Ստեղծված իրավիճակը նույնն է, որ երկու հոգու ուղարկես Օլիմպիական խաղերին, և, անկախ արդյունքներից, մեկին համարես սրիկա, ոչնչություն, մյուսին՝ հայրենասեր»,- ասում է Բաբայանը։
Ռեժիսորը նաև ընդգծում է՝ այստեղ կարևոր էր հատկապես հասարակության մոտեցումը նման վիրավորանքներին։ Փաստ է, որ հանրությունը մերժեց ընդդիմության տված գնահատականները և պիտակավորումները, ինչը նշանակում է, որ մեր հասարակությունը դեռ առողջ է։ Ինչ վերաբերում է ընդդիմության բարձրաձայնած հարցին, թե «Ֆեստիվառ»-ները իրականացվում են հարկատուների միջոցներով, ապա, ըստ Բաբայանի, եթե հարկատուն գնում է համերգին, ուրեմն կողմ է, որ իր վճարված հարկերից իր համար համերգ կազմակերպվի: