Ինչու են «Գորշ գայլերը» հրաժարվել Շուշիում դպրոց կառուցելու մտքից
Ինչու են «Գորշ գայլերը» հրաժարվել Շուշիում դպրոց կառուցելու մտքից
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը չեղարկել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում դպրոցի կառուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նպատակահարմար չեն գտել ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման (ԱՇԿ-ի զինված խմբավորումն է) նախագծած դպրոցի կառուցումը։
Ծրագրի չեղարկման մասին երեկ իր թվիթերյան էջով տեղեկացրել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։
«2021 թվականի հունվարի 16-ին, Ղարաբաղի հաղթանակից հետո, սոցցանցերում արած հայտարարությամբ մենք «Իդեալիստների ակումբներ» կրթության ու մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ պարտավորվեցինք Շուշայում կառուցել ինը դասարանային դպրոց, որն իր ուրույն տեղը պետք է ունենար Ադրբեջանի մտավոր ու գեղարվեստական կյանքում։
Այս համածիրում մենք պատրաստեցինք մեր նախագիծը և այն կիսեցինք հասարակության հետ: Մտածեցինք դպրոցը կոչել Ադրբեջանի ազգային օրհներգի հեղինակ, հանգուցյալ Օզեյիր Հաջիբեյլի անունով, ով ծնվել է Շուշայում: Մենք նախատեսում էինք 2021 թվականի հունվարի 30-ը` որպես դպրոցի բացման օր», – հիշեցրել է գործիչը։
Բահչելին նշել է, որ Ադրբեջանի վարչակազմը հավանություն չի տվել իրենց նախագծին ու պատրաստել սեփականը։ Թուրք գործիչն ասել է, որ Ադրբեջանի վարչակազմի «ամենաբնական իրավունքն է, և մեզ այլ բան չի մնում, քան հարգել նրանց»։
Նշենք, որ Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլերի քաղքական թև) առաջնորդ Դեւլեթ Բահչելին հայտարարել էր Շուշիում ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի կառուցման մասին։
Բահչելիի խոսքով՝ Շուշիում դպրոց կառուցելու իր առաջարկին հավանություն են տվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ «Ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնաքարը կդրվի 2021-ի հունվարի 30-ին»։