Ինչո՞ւ է Ռուսաստանում բենզինն էժանանում, իսկ Հայաստանում՝ թանկանում
Ինչո՞ւ է Ռուսաստանում բենզինն էժանանում, իսկ Հայաստանում՝ թանկանում
News.am-ը գրում է․ Բենզինի, դիզվառելիքի եւ, ընդհանրապես, նավթամթերքի գները զգալիորեն աճում են հիմնականում այն երկրներում, որոնք զբաղվում են նավթավերամշակմամբ։ Պատրաստի նավթամթերք ներկրող երկրների համար, այդ թվում՝ Հայաստանի համար, ռիսկերը մի փոքր այլ ոլորտում են:
Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտում փորձագետ Վահե Դավթյանը։
Փորձագետը հիշեցրեց, որ Հայաստանը նավթամթերքի զգալի մասը ներկրում է Ռուսաստանից, որտեղ Ուկրաինայում ռազմական գործողության սկզբից նկատվում է բենզինի եւ դիզվառելիքի գների լուրջ անկում՝ 10 տոկոսով։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարելի էր գների պոտենցիալ նվազում կանխատեսել նաեւ Հայաստանում։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանի Դաշնությունից արտահանման հնարավորությունները սահմանափակվել են, եւ շուկայում առաջացել է նավթամթերքի ավելցուկ, Ռուսաստանում գները սկսել են նվազել։
Քանի որ նավթամթերքի մեծ մասը Հայաստան է մատակարարվում Ռուսաստանից, Ռուսաստանում գնի նվազումը կարող է արտացոլվել նաեւ հայկական շուկայում։ Բայց մենք դա չտեսանք, եւ վերջին մեկ շաբաթվա ընթացքում նույնիսկ բենզինի եւ դիզվառելիքի չափավոր թանկացում է նկատվում՝ 10-20 դրամով։
Պատճառն անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների՝ աշխարհում ստեղծված իրավիճակից օգտվելու եւ գներն արհեստականորեն բարձրացնելու մտադրությունն է, ինչպես նաեւ իրական շուկայական մեխանիզմների եւ սկզբունքների բացակայությունը, որով պետք է գործի հայկական շուկան։
Հայաստանում, ըստ էության, շուկայի գրեթե բոլոր խաղացողների միջեւ գործում է գնային համաձայնեցված քաղաքականություն (կարտելային համաձայնության սկզբունք)։
Արդյունքում այսօր գների էժանացման փոխարեն աճ ենք տեսնում։ Դրան պետք է նպաստի նաեւ ռուբլու արժեզրկումը, քանի որ լավ պայմաններ են ստեղծվում ներմուծման համար»,- ասաց նա։
Դավթյանը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում բենզինի եւ դիզվառելիքի գների աննշան նվազման օբյեկտիվ նախադրյալներ կան։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում