Մամուլ

Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի. պատասխանը շատ պարզ է․ Գագիկ Ծառուկյան

Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի. պատասխանը շատ պարզ է։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, քույրեր և եղբայրներ.

Անկեղծորեն շնորհակալ եմ ձեզ՝ երեկ ցուցաբերած մարդկային մեծ աջակցության համար։

Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց ներկայությամբ ցույց տվեցին, որ մեր երկրում չի կարող լինել մեկ մարդու միանձնյա իշխանություն։

Շնորհակալ եմ նրանց, ովքեր երբեք չեն եղել իմ համակիրը, չեն եղել իմ ընտրողը, գուցե եղել են նաև իմ ընդդիմախոսը, բայց տեսնելով դրսևորված անարդարությունը, կատարվածի պարզունակ քաղաքական պատվերը՝ չլռեցին և իրենց վրդովմունքն արտահայտեցին։ Կատարվածն իսկապես շատ տգեղ է, որը կարճ կոչվում է քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում։

Ինչո՞ւ է իշխանությունը դիմում նման քայլի։ Պատասխանը շատ պարզ է։ Համավարակով պայմանավորված՝ Հայաստանում ստեղծվել է ծայրահեղ ծանր իրավիճակ։ Հայաստանը գտնվում է առողջապահական ճգնաժամի մեջ, որի սոսկալի հետևանքները մեր ազգաբնակչությունը դեռ զգալու է։

Տասնյակ հազարավոր հիվանդների և հարյուրավոր մահերի պատասխանատուն հենց կառավարությունն է՝ իր աններելի անլրջությամբ, վտանգները չպատկերացնելու իր տեսակով։ Նույնիսկ այս պահին կառավարությունը չունի հստակ ռազմավարություն, չի պատկերացնում պրոբլեմն իր ամբողջ խորությամբ։

Չգիտի՝ ի՞նչ է պետք անել, ինչպե՞ս է պետք դուրս գալ ստեղծված իրավիճակից: Երկրում օրեցօր աճում է սոցիալական լարվածությունը։ Հազարավոր մարդիկ մենակ են մնացել վարակի առաջ, հարյուր հազարավորները մնացել են մենակ՝ տնտեսական դժվարությունների առաջ։ Երկրում դժգոհությունը ժամ առ ժամ մեծանում է։

Իսկ ի՞նչ է անում իշխանությունը. հարցերին լուծումներ տալու, դժվար, բայց իրական աշխատանք կատարելու փոխարեն՝ գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով։

Իմ դեմ իրավապահների արշավը, քրեական գործերի հարուցումը սկսվեց օրեր առաջ՝ իմ հայտնի ելույթից հետո։

Անկեղծ ասած՝ ինձ համար դա սպասելի էր։ Բայց հոգուս խորքում ես ունեի մի թույլ հույս, թե իշխանությունը իմ ելույթում հնչեցրած խնդիրները կընկալի որպես ահազանգ, կընկալի որպես երկրի տնտեսական վիճակից քաջատեղյակ մարդու զգուշացում, կընդունի իր ակնհայտ սխալները և կփորձի բոլոր ուժերի համախմբմամբ գտնել լուծումներ։

Ես շնորհակալ եմ քաղաքական և հանրային շրջանակներից հնչեցրած աջակցության բոլոր ուղերձների համար։ Սա իմ մասնավոր խնդիրը չէ. սա մեր բոլորի ընտրությունն է։ Ընտրությունը պարզ է. գնալ երկրի խնդիրները գրագետ և համատեղ ուժերով լուծելու ճանապարհով, կամ գնալ այդ խնդիրների մասին խոսողներին ահաբեկելու ճանապարհով։

Իմ ընտրությունը ես արդեն իսկ արել եմ։ Դատելով զարգացումներից՝ շատերն են արել նույն ընտրությունը։ Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի։

Ես դիմում եմ մեր քաղաքացիներին. մի՛ ընկճվեք, մի՛ հուսահատվեք, ամեն ինչ լավ է լինելու, մենք հաղթահարելու ենք այս ճգնաժամը, նույնիսկ եթե իշխանություններն ու անձամբ Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անեն՝ իրավիճակը վատացնելու համար։

Ես այսօր ունեմ ընդամենը մեկ ցանկություն. Ես ուզում եմ, որ մեր երկիրը դուրս գա ստեղծված իրավիճակից, իսկ դա այս կառավարությունն անել ի վիճակի չէ։ Վերջապես մեր երկիրը պետք է հանդարտվի։

Սիրելի՛ հայրենակիցներ, վերջում ուզում եմ բոլորիդ խնդրել, որպեսզի բոլորս պահպանենք մեր վստահությունը, կամքը, ու նաև խնդրում եմ միշտ, ամեն պարագայում, պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները, ձեր առողջությունն ինձ համար ամեն ինչից վեր է։

Կիսվել