Մամուլ

Ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով. Վարուժան Գեղամյան

Ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով. Վարուժան Գեղամյան

Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։

Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով։

Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը։

Երկու հիմնարար պատճառով.

1. «Մարգար» անցակետով մի քանի բեռնատարի երթևեկությունը ներկայացվելու է արտաքին լսարանին որպես Հայաստան-Թուրքիա հակամարտության կարգավորման ապացույց և կոչ է արվելու որևէ կերպ չմիջամտել այդ հարցին, իսկ իրականում՝ չճնշել Թուրքիային Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցերում։

2. Անցակետի բացումը թուրքական կողմը ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ միասնաբար հայկական լսարանում ներկայացվելու(ում) է որպես տխրահռչակ «խաղաղության» գործընթացի մեկնակետ, որը նպատակ է հետապնդելու թուլացնել հայ հասարակության զգոնությունը թուրքական վտանգի առջև։

Դե իսկ հայերի կողմից ստացված անվճար օգնությունը այս դեպքում դառնում է պարզապես հաճելի «բոնուս» վերոնշյալ փաթեթում։

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը իր հիմնադրման օրվանից, որը միջազգային իրավունքում փաստացի պատերազմական գործողություն է։

Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ ավելի քան 2 ամիս՝ լիարժեք շրջափկման մեջ է պահում հայկական Արցախը։

Սա է մեծ պատկերը, որտեղ շահում են թուրքերը։

Մի՛ տրվեք մանիպուլիացիայի»։

Կիսվել