Մամուլ

«Ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով». Հրայր Թովմասյան

«Ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով»: Օրերս մամուլում տեղեկություններ էին հրապարակվել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին պատկանող գույքի վերաբերյալ: 168.am-ին տված Հրայր Թովմասյանի պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է. 

«Երբ օրեր, ամիսներ առաջ գրում էին, որ շուտով հերթը հասնելու է իմ դպրոցական տարիններին, ծիծաղում էի, հիմա՝ արդեն ոչ։ Երեկ կարդացի ինչ-որ վերլուծություն իմ գույքի վերաբերյալ, որն ինչ-որ լրատվամիջոցներ փորձեցին թիվ մեկ լուրը դարձնել։ Առաջին միտքը, որ առաջանում է, այն է, որ յուրաքանչյուրն իրենով է դատում, ու այստեղ ոչինչ անել հնարավոր չէ։

Իմիջիայլոց, սովորության համաձայն՝ ամեն ինչ փնթի է արված․ թվեր, տարիներ, փաստեր, «վրիպակներ», որոնք ինձ վերաբերվող նյութերում հետևողականորեն բազմանում են։ Առաջին հարցը, որ գալիս է․ ինչո՞ւ, ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդչափ փոքրոգի, ինչո՞ւ եք այդքան ճղճիմ, ինչո՞ւ եք բոլորին չափում ձեր արշինով։ Հասկացե՛ք, ձեզանից տարբերվող մարդիկ կան այս աշխարհում ու շատ։

Մինչև հանրային ծառայության անցնելը, ես բացի հայրական տնից, մեկ առանձնատուն և երեք բնակարան եմ ունեցել։ Պաշտոնավարման ընթացքում մեկ առանձնատունն ու երկու բնակարանները վաճառել եմ՝ փոխարենը գնելով մեկ բնակարան։ Ուշադրություն դարձրեք՝ բոլոր այդ բնակարանները և առանձնատունը ինձ են պատկանել մինչև պաշտոնատար անձ դառնալը։ Կարելի է պարզապես հիմարություն որակել 2006, 2009 թվականներին հարազատի, բարեկամի անունով գույք ձեռք բերելու պնդումը․ ինչի՞ համար։

Թե մինչև պաշտոնավարելը որտեղ եմ աշխատել, որքան եկամուտ եմ ունեցել, բոլորին է կարծես հայտնի, իսկ հանրային ծառայության անցնելուց հետո եկամուտներս միայն նվազել են։ Ինչ վերաբերվում է հարազատներից մեկի կողմից մի դստերը ավտոմեքենա, իսկ մյուսին՝ ավտոտնակ նվիրելուն, ապա ասեմ, որ այդ հարազատը մեր տանն է բնակվել 4-5 տարի և Միացիալ Նահանգներ ուսանելու մեկնելուց առաջ իր որոշումն է եղել այդ գույքը նվիրելը։

Իմիջայլոց, այդ տվյալները հայտարարագրված, հրապարակված են և գաղտնիք չեն։ Ինչ վերաբերվում է իմ բնակարանի կողքին գտնվող բնակարանին, ապա այո՛, դա տիկնոջս քրոջ բնակարանն է, որի ընտանիքը նախորդ դարի 80 ականներից չի ապրում Հայաստանում։ Բնակարանը գնվել է իմ առաջարկությամբ, և դա իրենց միակ սեփականությունը չէ Հայաստանում։

Պետք է հիասթափեցնեմ որոշ մարդկանց՝ ասելով, որ ամեն ինչ կիսատ է արվել։ Այս երկրի ներսում, առավել ևս՝ դրսում, շատ ազգականներ ու բարեկամներ ունեմ, որոնք Հայաստանում ու Հայաստանից դուրս տասնյակից ավել գույք են ձեռք բերել՝ և՛ մինչև իմ պաշտոնավարումը, և՛ այդ ընթացքում։ Կարծում եմ, ես հիմա պետք է միայն ուրախ լինեմ դրա համար, քանզի եթե «այդ ողջ գույքն իմն է», ապա ես տարածաշրջանի ամենահարուստ մարդկանցից եմ»:

Աղբյուր՝ 168.am

Կիսվել