Մամուլ

Ինչն է եղել 15-ամյա աշակերտի մահվան պատճառը․ նախնական արդյունքներ

Armlur.am-ը գրում է․ Դպրոցներում երեխաների առեղծվածային մահվան դեպքերը շարունակում են խիստ մտահոգությունների տեղիք տալ։ Ինչ հանգամանքներում են երեխաները մահանում, եթե, ըստ ծնողների, չունեն որեւէ առողջական խնդիր:

Հոկտեմբերի 7-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Երզնկա գյուղի դպրոցից երեխայի դի է տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում վոլեյբոլ խաղալու ժամանակ իրեն վատ է զգացել, ու մինչ շտապօգնության ժամանումը, հանկարծամահ է եղել:

Մահացածը 15-ամյա Դավիթ Ռաֆայելյանն է:

Դեպքի առթիվ կրկին քրեական վարույթ է նախաձեռնվել։ Վարույթի շրջանակներում կատարվել են դեպքի վայրի, դիակի արտաքին զննումներ, որոնց արդյունքում մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Հարցաքննվել են Նոր Երզնկա գյուղի դպրոցի տնօրինության և ուսուցչական կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև մահացած երեխայի համադասարանցիները։

Armlur.am-ը կատարվածի մասին զրուցել է դպրոցի տնօրեն Երազիկ Մեսրոպյանի հետ, ով արդեն իսկ հարցաքննվել է։

Ինչ կպարզի քննությունը՝ ցույց կտա ժամանակը, փաստ է մեկ բան՝ երեխաները դպրոցում առեղծվածային պայմաններում մահանում են:

Ըստ նախնական վարկածի՝ երեխայի մոտ հայտնաբերվել է սրտի հետ կապված խնդիր, ինչից էլ սիրտը կանգ է առել: Սա, կրկնում ենք, դեռևս իրավապահների մոտ առկա նախնական վարկածն է:

Կիսվել