«Ինչի՞ համար եմ քննադատված». Աննա Հակոբյանը՝ Շվեյցարիայում շքեղ հանգստի, ծախսերի մասին
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Աննա Հակոբյանին լրագրողներից մեկը հարցրեց՝ դուք այս պահին ամենաքննարկված ու ամենաքննադատված առաջին տիկինն եք, ինչպե՞ս եք վերաբերվում դրան: Աննա Հակոբյանը զարմացավ. «Որ ասեք ինչի համար եմ ամենաքննադատվածը…ինչի՞ համար եմ քննադատված»:
Հիշեցրին, որ իր տարբեր ծախսեր դառնում են քննարկման առարկա, այդ թվում՝ երեխայի՝ Մարիամի ծնունդը ճոխ նշելը: Աննա Հակոբյանն արձագանքեց. «Քննադատությանը շատ առողջ եմ վերաբերվում, բայց քննադատությունը մի բան է, ձեր նշած օրինակները՝ բոլորովին այլ:
Դրանք իրականության հետ կապ չունեն, նման դեպքերում անլուրջ է նույնիսկ դրա մասին խոսելը կամ մեկնաբանելը: Լուրջ քննադատությանը շատ լուրջ եմ վերաբերվում եւ լուրջ հետեւություններ եմ անում»:
Հարցրեցին՝ խնդրում ենք պարզաբանեք՝ դուք Շվեյցարիայում շքեղ հանգիստ ունեցե՞լ եք, թե՞ ոչ: Նա պատասխանեց. «Եթե նկատի ունեք Դավոս գնալու պատմությունը եւ դրա հետ կապված լեգենդները, իրականությունը հետեւյալն է եղել՝ ես եղել եմ Դավոսում, ուղեկցել եմ իմ ամուսնուն՝ ֆորումի շրջանակներում, բայց անձնական պատճառներով չկարողացա, ֆորումում չեմ հայտնվել: Բայց ծախսերի մասին ուղղակի ավելորդ է խոսելը, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»:
Նաեւ հարց ուղղեցին Աննա Հակոբյանին՝ հարկատուների հետ վերջերս հանդիպե՞լ է ինքը ու ի՞նչ նպատակով: Հակոբյանը հաստատեց լուրը՝ ասելով, որ հարկատուներին ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամի ծրագրերը, գործունեության ոլորտները, որ եթե ինչ-որ գումար նախատեսում են հիմնադրամներին փոխանցելու համար, չփոխանցեն այլ հիմնադրամների, այլ հենց իրենց նվիրաբերեն:
Նյութի աղբյուրը՝ aravot.am