Շոու-բիզնես

«Ինձ համար աբսուրդ է այն տեսակետը, որ հեռուստատեսությունը պետք է դաստիարակի»․ Գրիգը՝ ժամանակակից հումորի, գրաքննության մասին. ֆոտոշարք

«Ինձ համար աբսուրդ է այն տեսակետը, որ հեռուստատեսությունը պետք է դաստիարակի»։ Թե ներկայումս ինչպիսին է հայկական հումորը՝ տեսակետները տարբեր են։ Ոմանց համար «չափն անցնում» է, իսկ ոմանց էլ՝ գոհացնում։ Նախորդ տարեվերջին նոր թափով հայկական հումոր ներխուժեցին նաև կանայք ու աղջիկները, չնայած հիմնականում շարունակում են կատակել տղամարդիկ։  

Ներկայումս կատակելու դաշտը լայն է, իսկ հարթակները՝ տարբեր։ Որպես «հումորիստ» հանդես գալու համար երբեմն բավական է միայն հեռախոսի տեսախցիկը՝ մնացածը քո փոխարեն անում է համացանցը։

Ժամանակակից հումորիստների համար հենց դա էլ ստեղծում է բարդություն։ Ըստ երիտասարդ հումորիստ, սցենարիստ, «սթենդ ափ»-եր, Women’s club նախագծի մասնակից Գրիգ Գևորգյանի, որքան կատակելու դաշտը մեծանում է, իսկ հումորը դառնում հասանելի՝ այնքան իրենց գործը՝ հանդիսատեսին ու հեռուստադիտողներին ծիծաղեցնելը, դժվարանում է։  

grig sona

Tert.am Life-ի հետ զրույցում, որպես հայկական ժամանակակից հումորի ներկայացուցիչ, Գրիգը դժվարացավ բնութագրել՝ ինչպիսին է ներկայումս հումորը, սակայն նշեց՝ ժամանակի հետ ծիծաղեցնելն ավելի ու ավելի է բարդանում։

«Համացանցի դարաշրջանում շատ ավելի դժվար է ծիծաղեցնելը։ Ներկայումս հումոր ստեղծելն ավելի բարդ է․ տասը կամ քսան տարի առաջ մարդկանց բավականին հեշտ էր ծիծաղեցնելը։ Հիմա հեռուստադիտողները կարող են ընդամենը րոպեների ընթացքում գտնել և նայել ցանկացած հաղորդում ՝ աշխարհի տարբեր կետերից։

Նախկինում մարդիկ նայում էին միայն այն, ինչը հեռուստատեսությամբ էր ցուցադրվում՝ այսինքն այլընտրանք չկար, համեմատելու դաշտ չկար կամ կար, բայց խիստ նեղ, և դրանից էլ գալիս էր այն, որ մարդիկ մեծ պահանջներ չէին ունենում։ Տասը տարի առաջ մարդիկ շատ փոքր բաների վրա էին ավելի ուժեղ ծիծաղում, իսկ հիմա պահանջարկը շատ ավելին է, և դու էլ որքան հաջողության ես հասնում՝ էլ ավելին են սպասում»,- նշեց Գրիգը։

Սոնա Գրիգ

Ինչ վերաբերում է ներկայումս հեռուստադիտողին մատուցվող հումորին և դրա գրաքննությանը՝ հումորիստն ասաց․ «Տասը տարի առաջ դժգոհում էին քսան տարի առաջ հումոր ստեղծող մարդիկ։ Նրանք դժգոհում էին այն առումով, որ տարիներ առաջ գրաքննություն ասվածն ուրիշ կերպ է եղել։ Հիմա էլ այնպես չէ, որ մարդիկ ինչ ուզում ասում են։ Հաղորդումների անուններ չեմ տա, բայց տարիներ առաջ այդ հաղորդումների համար էին ասում, թե «վայ ինչեր են ցույց տալիս»։

Այսինքն զարգացումն այնպես է ընթանում, որ տասը տարի հետո էլ  նույն բանն են ասելու։ Ես հույս ունեմ, որ թե՛ ես, թե’ ընկերներս կլինենք այնքան ժամանակակից, որ չենք ասի` մեր ժամանակ ուրիշ էր։ Հումոր ստեղծելը պահանջում է, որ  դու լինես ժամանակին համընթաց։ Իրականում եթե համեմատենք նույն բովանդակության ծրագրերը, ապա Հայաստանում ամեն ինչ անհամեմատ ավելի ֆիլտրված ու մաքուր է ներկայացվում»։

grig sona 2

Ըստ Գրիգի, իրենք, չնայած բարդություններին, ամեն դեպքում, սցենարը գրում են՝ առանց դրսի հումորիստների ելույթներից օգտվելու։ Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե կան նմանություններ՝ հումորիստն ասաց․

«Եթե մարդը դիտի աշխարհի տարբեր կետերից հինգ տարբեր հումորիստների «սթենդ ափ»-եր, հինգի մեջ էլ նմանություն կգտնի։ Խոսվում է ոչ թե մանր թեմաներից, այլ ավելի լայն, ընդգրկուն հարցերից՝ աղջիկներից, կանանցից, սովորություններից ու առհասարակ կյանքից։ Սա կենցաղ է, որում հաստատ նմանություններ կան։ Նույն հաջողությամբ էլ երբեմն ինձ են ուղարկում  բաներ, որոնք  ես արել եմ ու ինձանից հետո  արվում է, բայց ես չեմ ասում, որ դա ինձանից են վերցրել»։

grig sona 5

Գրիգից հետաքրքրվեցինq, թե արդյոք մինչ օրս եղել է այնպիսի հումոր, այնպիսի ելույթ, որի համար ինքը, տեսագրությունը դիտելուց հետո, փոշմանել է․ «Դեռ չի եղել այնպիսի հումոր, որի համար փոշմանել եմ։ Իմ հումորներից նեղացողներ ևս չեն եղել։ Իսկ առհասարակ ինքս քննադատություններին նորմալ եմ նայում, եթե դրանք լուրջ են, հիմնավորված են, ադեկվատ են»։

Այն, ինչը կարող են արգելել հեռուստադիտողին՝ հեշտությամբ հասանելի է համացանցի օգտատիրոջը։ Ըստ Գրիգի, այս դեպքում «կրթելու գործառույթ» ասվածը տեղին չէ։

grig sona 4
Կիսվել