«Ինձ ասում էին «փորձանք», փողոցում քայլելիս կարող էի ընկնել փոսը կամ հոսանքահարվել». Հայկ Դարբինյան
Tert.am Life-ն այս անգամ բացահայտել է դերասան Հայկ Դարբինյանի մանկության վառ հուշերն ու պարզել, թե ինչպիսին էր նա փոքր տարիքում, ու ինչ փորձանքների է ենթարկվել:
-Ինչպիսի՞ երեխա եք եղել, ինչպե՞ս են ձեզ բնութագրում ծնողները:
-Իրականում շատ խաղաղ եմ եղել, կռվարար ու կոնֆլիկտային չեմ եղել, բայց միշտ հայտնվել եմ նմանատիպ իրավիճակների կիզակետում: Մինչ օրս էլ այդպես է: Ինձ ասում էին «փորձանք», որովհետև փողոցում քայլելիս կարող էի ընկնել փոսը, կամ քայլեի ու շենքի պատշգամբը քանդվեր՝ 1 մետր այն կողմ ընկներ, կամ հոսանքահարվեի: Ռեալ պատմություններ են:
-Դպրոցում վատ վարքի համար ծնող կանչե՞լ են:
-Կանչել են: Մեկ անգամ խոշոր իրադարձություն է եղել, բայց, ոչ թե ես եմ ինձ վատ պահել, այլ փոքրիկ չարաճճիության համար շատ կոպիտ արձագանք եմ ստացել ուսուցչական կազմի կողմից, ինչի պատճառով ես բորբոքվել եմ: Դա հասել է մինչև տնօրենի սենյակ և այլն:
-Դպրոցում ամենաչսիրած առարկան:
-Գրականությունը, բայց դպրոցի պատերից դուրս կարդացել եմ, հեղինակներին ծանոթ եմ եղել, սակայն դրա մասին դպրոցում ոչ ոք չի իմացել:
-Առաջին սերը:
-Նունե անունով աղջիկ էր, մեր շենքում էր ապրում: Մայրիկիս շրթներկը գողացել, նրան եմ նվիրել, նույնիսկ դպրոց չէի գնում այդ ժամանակ: Իսկ դպրոցում առաջին սերս եղել է իմ կողքի նստող աղջիկը՝ Արաքսյան: Նա դրա մասին չգիտի մինչ օրս, բացահայտում կլինի նրա համար:
-Բուլինգի ենթարկվե՞լ եք:
-Ավելի շատ ես եմ ակամայից ենթարկել, որովհետև իմ ընկերները այն մարդիկ էին, ովքեր ենթարկում էին բուլինգի: Ես փորձում էի կանխել, բայց չէր ստացվում:
Ես էլ եմ ենթարկվել բուլինգի, առանձնապես լավ չեմ սովորել: Սովորում էի այն, ինչ ինձ էր հետաքրքրում, ու սովետական միության կրթության կաղապարների մեջ, ուսուցիչներից ոմանք, ոչ թե աշակերտի կողքին էին լինում ու ոգևորում, այլ՝ ավելի շատ ճնշում էին: Իսկ, երբ ինձ ճնշում են, ընդհանրապես փակվում եմ ու ոչինչ չեմ ուզում անել:
-Մանկության վախերը:
-Երկրաշարժից եմ վախենում, փոքրուց այդ վախն ինձ ուղեկցում է մինչ այսօր:
-Ամենատպավորիչ նվերը:
-Հեծանիվ էի նվեր ստացել:
-Մանկության ամենավառ հուշերը:
-Երբ հարազատ քույրս՝ Անին և եղբայրս՝ Տիգրանը ձմռանն ինձ սահնակով քշում էին: Մեկը վերևից էր վազելով իջնում, մյուսը ներքևում էր սպասում, որ հանկարծ չընկնեմ: Շատ տպավորիչ էր: