Ինձ ասում էին՝ քանի չես հրաժարվել կնոջիցդ, երեխայիդ չես տեսնի. քաղաքացին հացադուլ է սկսել
Oragir.news-ը գրում է․ Երևանի բնակիչ Լեոնիդ Սահակյանը Ազատության հրապարակում հացադուլ է հայտարարել։ Տղամարդը պնդում է, որ իր ընտանիքը՝ ինքը, կինը և 6-ամյա երեխան, բռնության են ենթարկվում։
«Մեծ հանցավոր խումբ է ձևավորվել, որում, իմ կարծիքով, 100-ից ավելի մարդ կա ներգրավված։ Ես 1 տարվա մեջ հետաքննություն եմ անցկացրել ու մոտավորապես 50 հոգու անուն պարզել եմ, նաև պաշտոնյաներ կան ներգրավված, այդ թվում՝ օլիգարխներ։
Կինս վախի մեջ է և չի խոսում այս ամենի մասին, բայց ի սկզբանե մի քանի անգամ ասել է, որ բռնության մեջ է։ Մեր համատեղ կյանքի ընթացքում մի քանի անգամ ինձ ասել է՝ գնանք այս երկրից, ու այդ հնարավորությունը միշտ էլ ունեցել ենք, որովհետև երկուսս էլ լավ մասնագետ ենք, որ երկիր էլ ուզեինք, կարող էինք գնալ։ Բայց ես նախընտրում էի ապրել այստեղ, որովհետև իմ երկիրն է, սիրում էի Հայաստանը և ուզում էի այստեղ ապրել։
Փաստացի, պատճառը նա էր, որ նա բռնության մեջ էր գտնվում՝ սեքսուալ բնույթի, ու ես չէի հասկանում։ Այսինքն նա գտնվում է ստրկության մեջ բառիս բուն իմաստով ու վախենում է խոսել այդ մասին»,- ասաց հացադուլ իրականացնող տղամարդը։
Լեոնիդը պնդում է, որ իր և կնոջ հեռախոսազանգերն անգամ լսում են, հետո իր մոտ ուղիղ մեջբերումներ անում դրանցից։ Ամեն ինչ սկսվել է իր և կնոջ ծանոթությունից առաջ՝ 2013 թվականից, բայց ամեն ինչ էլ ավելի է խորացել 2020 թվականին, երբ ինքը որպես կամավոր մեկնել է ռազմաճակատ՝ պատերազմի մասնակցելու․
«Ոնց հասկանում եմ՝ այդ ժամանակվանից ավելի բուռն ընթացք է ստացել այս ամեն ինչը, լավ առիթ է հանդիսացել այդ մարդկանց համար այդ ամեն ինչով զբաղվելու՝ վախեցնելով ու շանտաժով։ Ինձ էլ են վախեցրել երեխայով և կնոջս վնաս տալով, հատկապես վերջին 1 տարում,երբ փորձել եմ նրանց հանել այդ ամենի միջից։
Սպառնալիքները ներկայացնում են և՛ ուղիղ ձևով և՛ անուղղակի, բայց անուններ այս պահին չեմ տա՝ մինչև իմ ընտանիքի անվտանգությունը չապահովվի, դա իմ խաղաքարտն է, եթե հացադուլս արդյունք չտա՝ կսկսեմ խաղաքարտեր բացել։ Ինձ ասում էին՝ քանի չես հրաժարվել կնոջիցդ, երեխայիդ չես տեսնի, կինս էլ իրենց ուղիղ ենթակայության տակ է, ասում է՝ դու գժվել ես,նման բան չկա, մինչև դա մտքիցդ չհանես, երեխային չես տեսնելու։ Մոտ 2 ամիս է երեխայիս նորմալ չեմ տեսնում, բայց մի քանի անգամ գնացել, դպրոցի մոտ տեսել եմ, որովհետև կարոտում եմ, չեմ կարող չտեսնել։
Կարող եմ դիմել դատարան, ինչ-որ օրեր հատկացնեն ինձ, բայց դա հարցի լուծում չի, այս բռնությունը պետք է դադարի, չի կարող 21-րդ դարում, առավել ևս իմ երկրում ընտանիքս գտնվի գերության մեջ, բառիս բուն իմաստով իմ ընտանիքը գերի է, ինչ-որ հանցագործ խմբի ձեռքում։ Դավադրություն են սարքել ու սա զվարճանք է իրենց համար, բռնաբարել և շոու սարքել»։
Լեոնիդն ասաց, որ դիմել է Ոստիկանություն, բայց իր խոսքով՝ կողմնակալ վերաբերմունքի է արժանացել և որևէ, անգամ իր գրած դիմումը թույլ չեն տվել նկարել։ Հացադուլը սկսելուց առաջ էլ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին է տեղյակ պահել։
«ՄԻՊ-ից այսօր զանգեցին և ասացին՝ գործը փոխանցում են Գլխավոր դատախազություն»,- ասաց նա։
Լեոնիդ Սահակյանը կասկածներ ունի, որ բռնության է ենթարկվել նաև իր 6-ամյա երեխան։
«Իմ կարծիքով՝ հավանական է, որ դեպք եղած լինի, երբ ընդդիմանում էի և որոշ պայմաններ կար, որ չէի կատարում, հնարավոր է այդ ժամանակ բռնություն կատարված լինի երեխայիս հանդեպ։ Անգամ 3 ամսով կնոջս ու երեխայիս երկրից դուրս են հանել, մինչև ես չեմ կատարել որոշ պայմաններ։ Այդ ընթացքում, երբ զանգեցի, երեխայիս հետ խոսեցի, հարցրեցի՝ քեզ ինչ-որ մեկը նեղացրե՞լ է, ասաց՝ հա, էլի բան խոսեցինք, դրանից հետո 1 ամիս չթողեցին երեխայի հետ խոսենք։ Կարծում եմ՝ երեխայիս հանդեպ էլ են ճնշումներ գործադրել, որ չասի, որովհետև 2 բառ խոսեցի, սկսեց արտասվել, ես էլ չեմ կարող իրեն ուղիղ հարցնել։ Հուսով եմ՝ այդպես չի, բայց կա դրա հավանականությունը»,- եզրափակեց հացադուլ իրականացնող տղամարդը։
Նշենք նաև, որ քաղաքացին դիմել է Երևանի քաղաքապետարան՝ Ազատության հրապարակում վրան տեղադրելու համար, որպեսզի գիշերը չմրսի, սակայն քաղաքային իշխանությունը թույլ չի տվել։
Մանրամասները՝ տեսանյութում