«Իմ Քայլը» շարունակում է վայելել ՀՀ քաղաքացիների գերակշռող մեծամասնության վստահությունը․ Ռուբեն Ռուբինյան
Փետրվարի 6-ին Ազգային ժողովը արտահերթ նիստի ընթացքում կողմ 88 և 15 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։
Սահմանադրությունում փոփոխությունների նախագծով խորհրդարանական մեծամասնությունն առաջարկել է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և 6 անդամների լիազորությունները։
Առաջարկող փոփոխություններով նախատեսվում է դադարեցնել մինչև 2018-ի ապրիլի 9-ը ընտրված ՍԴ-ի նախագահի ու անդամների պաշտոնավարումը։ Նախագիծը չի վերաբերում միայն դատավորներ Արման Դիլանյանին և Վահե Գրիգորյանին։
Bavnews.am-ը Սահմնանադրական փոփոխությունների և առաջիկա հանրաքվեի հետ կապված զրուցեց «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանի հետ։
Պատգամավորը չի կիսում այն կարծիքը, որ հասարակության մեջ տրամադրվածությունը այլ է, այսինքն իշխանությունը որոշ չափով կորցրել է իր դիրքերը․
««Իմ Քայլը» շարունակում է վայելել ՀՀ քաղաքացիների գերակշռող մեծամասնության վստահությունը»։
Իսկ այն հարցին, թե որը կլինի իշխանության քայլը, եթե հանրաքվեով Սահմանադրական փոփոխությունները չհաստատվեն, նա պատասխանեց․
«Կարծում եմ հարցը ժամանակավրեպ է: Հիմա պետք է կենտրոնանանք հանրաքվեի անցկացման վրա»:
Հիշեցնենք, որ երեկ փետրվարի 9-ին ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն, ղեկավարվելով Սահմանադրության 206-րդ հոդվածով, հրամանագիր է ստորագրել, որով Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի օր է նշանակել 2020թ. ապրիլի 5-ը: