«Իմ կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»․ Մարիամ Ալեքսանյանը՝ 2020 թվականին պսակադրվելու, նախատոնական անցուդարձի մասին
«Իմ կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում»: Մարիամ Ալեքսանյանն անհամբերությամբ է սպասում 2020 թվականին։ Դերասանուհին վստահ է՝ 2020-ն իր համար երազանքների տարի է լինելու։
Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը նշեց՝ սպասելիքները մեծ են ինչպես անձնական տիրույթում, այնպես էլ գործնական։
«Ես իմ տեսակով շատ անհամբեր մարդ եմ և սիրում եմ, որ իմ կյանքում ամեն ինչ միանգամից է լինում։ Սակայն 2019 թվականին փորձը ցույց տվեց, որ մի քիչ համբերելը միայն լավ արդյունքի է բերում»,- ասաց դերասանուհին։
Մարիամն ու սիրելին՝ Գոռ Համբարձումյանը, այս տարի նշանադրվել են․ հարցին, թե արդյոք 2020 թվականին զույգը կպսակադվի՝ Մարիամը ժպիտով ասաց․
«Ոչ մի բան չեմ պլանավորում և ամեն ինչ համպատրաստից է լինում, այնպես որ չես հասցնում կանխատեսել հարսանիքդ երբ կլինի՝ մեկ շաբաթից, թե՞ երեք ամսից։ Իմ կյանքում ամեն ինչ շատ արագ է տեղի ունենում և հենց դա է պատճառը, որ ես փոփոխություններին ուշ եմ հարմարվում։ Փոփոխություններ չեմ սիրում, սակայն փոփոխությունները կյանքումս արագ են լինում»։
Դերասանուհին Ամանորը դիմավորելու է ընտանեկան միջավայրում, քանի որ, ըստ նրա, սա ընտանեկան տոն է․
«Նոր տարին միշտ ընտանիքիս հետ եմ դիմավորում, որովհետև Ամանորն ինձ համար ընտանեկան տոն է։ Իհարկե դիմավորելուց հետո կարող ես տարբեր մարդկանց ընկերակցությամբ նշել, բայց բուն դիմավորելը, կարծում եմ, պետք է ընտանիքի կողքին լինի։ Միշտ նշել ենք ես, մայրս, հայրս, եղբայրս, տատիկս։ Այս տարի եղբայրս Արցախում է՝ ծառայում է բանակում, մենք առանց իրեն ենք դիմավորելու, սակայն ինքն էլ այնտեղ պատվով կդիմավորի»։
Մարիամը ծիծաղելով ասաց՝ այս տարիների ընթացքում ինքը ոչ մի անգամ խոհանոցային անցուդարձին չի մասնակցել և ոչինչ չի պատրաստել, սակայն ինքն էլ իր պարտականություններն ունի․
«Նախատոնական եռուզեռը սիրում եմ, որովհետև, չնայած վատ է հնչում, բայց ոչինչ չեմ անում։ Ամեն ինչ մայրիկս է անում, չնայած փոքրիկ բաներով փորձում եմ օգնել։ Տունն ու սեղանը զարդարելը իմ պարտականությունն է, սակայն ուտեստներ պատրաստելը՝ ոչ։ Մենք՝ հայերս, Նոր տարվա հետ կապված ամեն ինչ շատ ենք բարդացնում, ծանրաբերռվում ենք և եթե այդ ամեն ինչից հաճույք պետք է չստանանք, ապա անիմաստ է։ Ինձ համար կարևորը տոնից հաճույք ստանալն է»։
Աղբյուր՝ tert.am