Մամուլ

«Իմ խնդրանքն է աջակցեն այս երեխաներին և նրանց ծնողներին. վերադարձը սթրես է նրանց համար». Արայի Հարությունյան

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում կոչ արեց աջակցենք արտասահմանից ներգաղթած երեխաներին՝ ինտեգրվել մեր դպրոցներում․

«Իմ խնդրանքն է, որ առաջին հերթին դպրոցների տնօրեններն աջակցեն այս երեխաներին եւ նրանց ծնողներին, որպեսզի ներառումը շատ հեշտ լինի, խնդիրներ չառաջանան: Ի վերջո՝ վերադարձը սթրես է երեխաների համար, քանի որ նրանք շրջապատն են փոխում, միջավայր էր փոխում, երկիրն են փոխում, դասավանդման մեթոդներն են այլ: Վստահաբար, խնդիրներ կունենան տարբեր ծրագրերի, առարկաների հետ: Եվ մեր բոլորիս աշխատանքն է, որպեսզի վերադարձը հեշտ լինի նրանց համար:

Այստեղ առանցքային դերակատարություն պետք է ունենան տնօրենները, աշակերտները, ինչպես նաեւ նրանց ծնողները:

Եթե այդ երեխաները փաստաթղթերի պակաս են ունենում, փորձեք լուծումներ գտնել, փորձեք նախարարության հետ խնդիրներ գտնել: Ես զանգեր եմ ստանում Ռուսաստանից, որ երեխաս, դիցուկ, ավարտել է, 6-րդ դասարանը, եւ զանգում ենք մեր գյուղի դպրոցի տնօրենին, ասում են՝ երեխաս չի կարող 7-րդ դասարան նստել: Այդպիսի բաներ մի արեք: Մենք շատ խիստ ենք լինելու էս դեպքերում: Ուղղակի խնդրում ենք աջակցել այդ երեխաներին, որպեսզի նրանք վերադառնան:

Ես հատուկ դիմում եմ աշակերտներին. էն երեխաները, որոնք արտասահմանից կգան ձեր դասարաններ, առավելագույնս աջակցեք նրանց: Օգնեք նրանց հայերեն սովորել, եթե նրանք ունեն հայերենի խնդիրներ, օգնեք նրանց տարբեր առարկաների դեպքում, եթե ունեն խնդիրներ: Եվ վստահեցնում եմ, որ կարճ ժամանակում նրանք այլեւս որեւէ խնդիր չեն ունենա, սթրեսի մեջ չեն լինի եւ շուտ կներառվեն ու կդառնան ձեր ընկերներն ու ընկերուհիները ձեր քաղաքում, ձեր գյուղում եւ Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Կիսվել