ՄամուլՏեսանյութ

«Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»․ Զարիֆ

«Իմ այցի նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»․ Զարիֆ

«Հայաստանն Իրանի հարևան ու բարեկամ երկիրն է և իմ այցելության նպատակն է զարկ տալ Իրան-Հայաստան բարեկամական կապերին»,- այս մասին իրանական լրատվամիջոցին ասել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը։

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Երևանում: Իհարկե, առանձնազրույցի ժամանակ մենք արդեն իսկ հանգամանալից անդրադարձանք երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և խաղաղության հարցերին: Այժմ մեր քննարկումները կշարունակենք նաև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հայ-իրանական օրակարգը, իրապես, բավական ընդգրկուն է՝ հիմնված մեր երկու ժողովուրդներին միավորող դարավոր բարիդրացիական հարաբերությունների վրա: Մեր միջև բարեկամությունը միջմշակութային երկխոսության և տարբեր կրոնների ու քաղաքակրթությունների՝ կողք կողքի ապրելու լավագույն օրինակ է, որի հիմքը փոխադարձ վստահությունը և փոխադարձ հարգանքն է: Հենց դա է տարածաշրջանում խաղաղության և կայունության հասնելու բանալին:

Հայաստանը կարևորում է Իրանի հետ առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, սերտ առևտրատնտեսական կապերը, համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այս հանդիպումը լավ առիթ է մտքեր փոխանակելու բազմաոլորտ փոխգործակցության հեռանկարների շուրջ, ուրվագծելու առաջիկա քայլերը: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք առավել ամրապնդել և զարգացնել մեր փոխշահավետ համագործակցությունը:

zarif ara ayvazyan

Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է, և, բնականաբար, մեր օրակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում առևտրատնտեսական փոխգործակցության խթանումը:

Անշուշտ մեր քննարկումներում մեծ տեղ է հատկացվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին, և դրանց շուրջ մտքերի փոխանակումը շարունակելու ենք նաև օրվա ընթացքում: 

Այժմ մեր տարածաշրջանն առերեսվում է նոր լրջագույն մարտահրավերների, որոնք ստեղծվել են ղարաբաղյան հակամարտությունն ուժով լուծելու Ադրբեջանի վտանգավոր փորձի արդյունքում: Հայաստանը չի համարում, որ Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ուժի կիրառման արդյունքները կարող են հիմք ստեղծել տևական խաղաղության համար կամ դիտարկվել որպես տարածաշրջանային համագործակցության հնարավորություն: 

Իրանը տարածաշրջանում կարևոր երկիր է, և մենք հարգում ենք Իրանի մոտեցումները, որով նա կառուցում է իր հարաբերություններն անմիջական հարևանների հետ: Այնուհանդերձ, կուզենայինք մեկ անգամ ևս շեշտել, որ միայն հարատև և բոլորի շահերը հասցեագրող խաղաղությունը, որտեղ չկան «հաղթողներ և պարտվողներ», այսպես կոչված, «հաղթանակներ կամ պարտություններ», կարող է իրական երաշխիքներ ստեղծել տարածաշրջանում անվտանգության, կայունության և զարգացման առաջմղման համար: 

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում: 

Հիշեցնենք՝ երեկ` հունվարի 26–ին, տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Մոտ մեկ ժամ առաջ մեկնարկեց ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի առանձնազրույցը։

Կիսվել