Մամուլ

Ի՞նչ տրամադրություն ուներ դատարան այցելած Քոչարյանն ու ինչո՞ւ չի ցանկանում խոսել․ պարզաբանում է փաստաբանը

ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին պատմել է, թե ինչու Քոչարյանը չի ցանկանում խոսել նրանց հետ ու ինչ տրամադրությամբ է մասնակցում դատական նիստերին։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր Վճռաբեկ դատարանի դահլիճ մուտք գործեց ու հեռացավ հետնամուտքով` խուսափելով դատարանի շենքի նախասրահում հավաքված լրագրողների հետ շփումից։

«Թե ինչու նա չի ցանկանում շփվել լրագրողների հետ» հարցին ստիպված եղավ պատասխանել փաստաբան Հայկ Ալումյանը։ Դատարանի դահլիճից դուրս եկած փաստաբանի պատասխանն անկեղծ էր` ոչ միայն Քոչարյանը, այլև այդ գործով զբաղվող փաստաբանները լրագրողների հետ շփվելու մեծ ցանկություն չունեն։

«Որովհետև ցանկացած տեքստ, որ դուք տեղադրում եք, գիտեք` հատուկ կոնտինգենտ գոյություն ունի, որն այդ տեքստի տակ հայհոյանքներ է տեղադրում, անեծքներ և այլն։ Հիմա մեր թիմից ես եմ դա վերցրել ինձ վրա»,– ասաց Ալումյանը։

Հարցին, թե ինչ հոգեվիճակ ունի իր պաշտպանյալը, Ալումյանը պատասխանեց. «Այնպես, ինչպես ցանկացած այն մարդու հոգեվիճակը կլինի, որին առանց օրինական հիմքերի բերեն և պահանջեն կալանավորել» ։

Դատավորի հոգեվիճակում փաստաբանը որևէ արտառոց բան չի նկատել։ Դատական նիստին մասնակցող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մասնակցությունն էլ դատական նիստին, ըստ Ալումյանի, նրան առնվազն արտաքուստ չի կաշկանդել։

Գլխավոր դատախազն էլ նիստի ընթացքում, ըստ Ալումյանի, դատավարությանը մասնակցող մնացած 5 դատախազներից ամենաակտիվն է եղել։

Իսկ թե ինչու է գլխավոր դատախազը որոշել անձամբ ներկայանալ դատարան ու պաշտպանել մեղադրանքը, Ալումյանը չցանկացավ ենթադրություններ անել։

Ինչ վերաբերում է Վճռաբեկ դատարանում այսօր ընթացող դատական նիստին, ապա նշենք, որ այն այսօր ավելի քան 2 ժամ դռնփակ ընթանալուց հետո ընդմիջվեց նախ` 1 ժամով, ապա` մինչև վաղը 12։00-ն։ Ընդմիջումների պատճառն այն էր, որ Քոչարյանի փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին նիստը վարող դատավոր Ռուբեն Մխիթարյանին։

Ինչպես հայտնեց Ալումյանը, դատարանն իրենց 1 ժամ է տրամադրել միջնորդությունը ձևակերպելու համար, բայց քանի որ այդ ժամկետը չի բավարարել, նիստը որոշվել է ընդմիջել մինչև վաղը` նոյեմբերի 28-ը, 12։00։

Առավել մանրամասն կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։

Կիսվել