Ազատ խոսք

Ի՞նչ կորոշվի Սամվել Կարապետյանի հարցով․ Տիգրան Դումիկյան

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը գրում է․

«Ի՞նչ կորոշվի Սամվել Կարապետյանի հարցով

Առաջիկա օրերին ավարտվում է դատարանի կողմից ազգային բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ սահմանված երկամսյա կալանքի ժամկետը։ Այն խորհրդանշական կերպով համընկնում է նրա 60-ամյակի հետ, որը ոչ այնքան իրավական, որքան արժեքային դիսկուրսի առանցքային պահ է։

Հասարակական լայն շերտերի ընկալումներում արդեն ձևավորվել է պատկերացում, ըստ որի՝ գործը դիտվում է քաղաքական հաշվեհարդարի շրջանակում: Եթե 2018-թ.-ին Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները ներկայացվում էին որպես արդարության, օրինականության և հավասարության վերականգնման հնարավորություն, ապա հետագա իրադարձությունները՝ ներառյալ պատերազմական պարտությունը, մարդկային կորուստները, տարածքային զիջումները և անվտանգային սպառնալիքները, ցույց տվեցին, որ նոր իշխանական համակարգը ենթակա է հարցադրումների՝ լեգիտիմության և արդյունավետության համատեքստում։ Այս ֆոնին Սամվել Կարապետյանի գործը դիտվում է ոչ միայն որպես իրավական, այլև համակարգային ճգնաժամի ցուցիչ։

Իրավական գործընթացներում արձանագրված հակասությունները, սկսած Վերաքննիչ քրեական դատարանի կողմից նրա ձերբակալությունը և հարազատների բնակարաններում կատարված խուզարկությունները ոչ իրավաչափ ճանաչելուց, ակնարկում են արդարադատության համակարգի ներսում առկա մեխանիզմների ընտրողական կիրառման մասին։ Նման իրավիճակներում առաջանում է հարց՝ մենք ականատես ենք անկախ դատական համակարգի դրսևորմա՞նը, թե՞ դրա իմիտացիային։ Եթե պետության իրավական համակարգը սկզբում կիրառում է կոշտ և վիճահարույց միջոցներ, ապա հետագա մեղմացման կամ արդարացման քայլերն ընկալվում են որպես լեգիտիմության ձևական ցուցադրում։ Իսկ եթե այդ մտահոգությունները չեն համապատասխանում իրականությանը, ապա իշխանությունն այս օրերին ունի դրանք փարատելու ևս մեկ հնարավորություն՝ կա՛մ ցուցաբերել նվազագույն ողջախոհություն և բարոյականություն ու ազատ արձակել ազգային բարերարին, կա՛մ շարունակել արժեհամակարգի ավերման և պետականության արժեզրկման ուղին՝ «հանուն Հայաստանի Հանրապետության»…»։