Ի՞նչ իրավիճակ է Սևանա լճում անհայտ կորած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքներից
Ի՞նչ իրավիճակ է Սևանա լճում անհայտ կորած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքներից
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ մայիսի 14-ին, Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փամբուխչյանի կարգադրությամբ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի գլխավորությամբ ժամը 05։50-ից Սևանա լճում շարունակվել են որոնողական աշխատանքները Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի ջրահեղձ եղած 2 բնակչի դիերը հայտնաբերելու ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 13-ին, որոնողական աշխատանքները ԱԻ նախարարի կարգադրությամբ տեղում ղեկավարել են ՓԾ տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանն ու Կարապետ Մանուկյանը։
Որոնողական աշխատանքներին առաջին օրվանից մասնակցում են մեծ թվով քաղաքացիներ՝ Վարդենիկ, Զոլաքար, Նորատուս գյուղերից, ինչպես նաև Մարտունի քաղաքի բնակիչներ և ԱԻՆ ՓԾ ջրասուզակներ։
Ցավոք, որոնողական աշխատանքները մինչև այսօր արդյունք չեն տվել։ Այս պահին դրանք շարունակվում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-ին, առավոտյան ժամը 07:00-ից Գեղարքունիքի մարզում շարունակվել էին օրեր առաջ Սևանա լճում անհայտ կորած 2 քաղաքացիների որոնողական աշխատանքները:
Ինչպես դեպքի վայրց հայտնել էր ֆոտոլրագրողը, որոնողական աշխատանքներին դարձյալ լծվել էին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարներն ու Մարտունու հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ջրասուզակները:
Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի և ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի միջնորդությամբ լիճ էր դուրս եկել նաև նավ, որը մասնակցում էր որոնողական աշխատանքներին:
Առաջին իսկ օրվանից որոնողական աշխատանքներում ներգրավված էին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանի կարգադրությամբ՝ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի, բաժնի պետի տեղակալ Գարիկ Գերասիմյանի գլխավորությամբ: Առաջին իսկ օրվանից որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև Զոլաքար, Վարդենիկ, Նորատուս և մի քանի գյուղերի, ինչպես նաև Մարտունի քաղաքի ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:
Դարձյալ լճի հատակում՝ մոտ 250 մ խորությամբ, կատարվել էին որոնողական աշխատանքներ և այդ հատուկ տեխնիկաները բերվել էին ջրահեղձ եղած քաղաքացիներից մեկի հարազատների կողմից: Ժամը 19:00-ին որոնողական աշխատանքները դադարեցվել էին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նավը պատկանում է «Սևան» ազգային պարկին, որի մի քանի աշխատակիցներ նույնպես միացել էին որոնողական աշխատանքներին: