Մամուլ

Ի՞նչ է թաքնված ռուսական գազն Ադրբեջանով Հայաստան փոխադրելու որոշման հիմքում

Ի՞նչ է թաքնված ռուսական գազն Ադրբեջանով Հայաստան փոխադրելու որոշման հիմքում

168․am-ը գրում է․ Մամուլը և փորձագիտական հանրությունը շարունակում է քննարկել ու վերլուծել նախօրեին ռուսական ԶԼՄ-ներում հայտնված տեղեկությունը, որ ռուսական գազը մոտ երեք շաբաթ Հայաստան կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։

«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային կանխարգելիչ և վերանորոգման աշխատանքների ընթացքում ռուսական գազը սպառողներին կմատակարարվի Ադրբեջանի տարածքով: «Գազպրոմ էքսպորտ» ՍՊԸ-ն և Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը մարտի 16-ին կարճաժամկետ պայմանագիր են կնքել Ադրբեջանի տարածքով ռուսական գազի փոխադրման համար»,- նշել է  ընկերությունը։

Պայմանագիրը նախատեսում է, որ «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի ռուսական հատվածում պլանային կանխարգելիչ աշխատանքների ընթացքում գազը մատակարարվելու է սպառողներին Ադրբեջանի տարածքով մինչև Վրաստանի հետ սահմանը: Աշխատանքները կարող են տևել շուրջ երեք շաբաթ: Դրանց ավարտից հետո գազը կտեղափոխվի նախկին երթուղով՝ Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի սահմանով։

Նման երթուղին վերջին տասնամյակների  համար բացառիկ երևույթ է, ու թեև պաշտոնական մեկնաբանությունն այն է, որ խնդիրն ունի տեխնիկական բացատրություն, շատ փորձագետներ են հակված կարծել, որ այս 3-շաբաթյա փորձարկումն ամենևին էլ պատահական չի նախաձեռնվել և միտված է տարածաշրջանային ապաշրջափակման ծրագրերը, հասարակությունների տրամադրությունները փորձարկելուն։

168․am-ի հետ զրույցում ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ կարող է միայն հիմնվել պաշտոնական խողովակով տարածված պարզաբանման վրա, սակայն չի էլ կարող բացառել, որ սա տրամադրությունները ստուգելու, փորձարկելու, կողմերին միմյանց մոտեցնելու փորձ է, քանի որ շատ ավելի լուրջ թեմաներ քննարկվում են բանակցային սեղանի շուրջ։

Ըստ նրա՝ հասկանալի է, որ կողմերը խնդիր ունեն հաղթահարել թե՛ պատերազմի հետևանքները, թե՛ հակամարտության պատմաքաղաքական համակարգային հոգեբանական հետևանքները, որոնք հաղթահարելու համար ժամանակ է հարկավոր։

«Գազն Ադրբեջանի տարածքով, սակայն նախկին երթուղով Հայաստան հասցնելու տեղեկությունն ուշագրավ էր այն առումով, որ հետևեցինք, թե ինչպես Ադրբեջանն ու Հայաստանն ընդունեցին սա, ինչպես արձագանքեցին փորձագետներն ու հասարակությունը։ Ադրբեջանում կարծես նորմալ են ընդունում, իսկ Հայաստանում շատ ավելի բարդ է ընկալվում հարցը, ինչն այս փուլում բնական է։

Սա ցույց է տալիս, թե իրականում ինչ արդյունքներ կարելի է ակնկալել ապաշրջափակման բանակցություններից, և որոշումներն ինչ տրամադրություններ կբարձրացնեն, ինչպես կընկալվեն։

Այնուամենայնիվ, գազային այս փոփոխության ներքո առաջնահերթորեն տեխնիկական խնդիրներն են և դրանց ֆոնին մենք գնահատում ենք քաղաքական շարժերը։ Ընդհանրապես աշխարհի բոլոր հետազոտական կենտրոնները, տարածաշրջանային վերլուծաբանները քննարկում են, թե ինչպես են կողմերը պատրաստվելու, ընթանալու  խաղաղության ուղղությամբ, և արդյո՞ք դա հնարավոր է, քանի որ միայն այդ դեպքում կարող է ապաշրջափակումն իրական լինել և հրադադարի հաստատումը՝ վերջնական»,- ասաց Տարասովը։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կիսվել