Ի՞նչ է ասել Արայիկ Հարությունյանը Բաքվի դատարանում
Բաքվի ռազմական դատարանում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների դեմ շինծու գործով դատական հերթական նիստի ժամանակ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը պատասխանել է մեղադրողի հարցերին, որոնք վերաբերել են հանրապետության բանկային համակարգին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԶԼՄ-ների խոսքով Հարությունյանը նշել է, որ «ինքը ժամանակին աշխատել է Արցախի ներքո գործող բանկերի մասնաճյուղերում, իսկ «Արցախբանկը» գրանցված է եղել ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»։
Արցախի նախկին նախագահը հայտարարել է նաև, որ ««Արցախբանկի» իրավաբանական հասցեն գտնվում էր Հայաստանի մայրաքաղաքում, սակայն գլխավոր մասնաճյուղը գործել է Ստեփանակերտում»:
Այն նաև մասնաճյուղեր ուներ Արցախի մյուս շրջաններում։
«Այս բանկը որևէ առավելություն կամ արտոնություն չուներ Հայաստանի մյուս բանկերի համեմատ», – իր խոսքում նշել է Հարությունյանը։
Բացի այդ, Արցախում գործել են նաև այլ հայկական բանկերի մասնաճյուղեր, իր ցուցմունքում ասել է նա և, իբր, պնդել, թե մասնաճյուղերը վնասով են աշխատել։
Նշենք, որ շարունակվում է Հայաստանի Հանրապետության Արայիկ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը։ Նրանք Ադրբեջանի կողմից մեղադրվում են Հայաստանի ռազմական ագրեսիայի հետևանքով խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու, պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ ագրեսիվ պատերազմի նախապատրաստման և վարման, ցեղասպանության, պատերազմի օրենքների և սովորույթների խախտման, ինչպես նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման, իշխանության բռնի զավթման, դրա բռնի պահպանման և բազմաթիվ այլ հանցագործությունների մեջ։