Մամուլ

Ի՞նչ էր տեղի ունեցել Սուրբ Հովհանավանքում, ինչո՞ւ ձերբակալվեց Տեր Մանուկը

Armlur.am-ը գրում է․ «Ինչպես հայտնի է, օրերս Արագածոտնի թեմի առաջնորդը Հովհանավանքում հոգևոր ծառայության է նշանակել նաև Տեր Մանուկ քահանա Զեյնալյանին, որ Տեր Արամ քահանա Ասատրյանի հետ վանքում համատեղ հոգևոր ծառայություն իրականացնեն։

Սուրբ Հովհանավանքում արդեն հոգևոր ծառայության կարգված Տեր Մանուկը առաջին Սուրբ Պատարագ մատուցելու ընթացքում նկատել է և՛ Տեր Արամի, և՛ տեղի ավագ բնակիչների դժգոհությունը։

Նույն օրը Վանքի բակում եղել են ոստիկանները, որոնք, Տեր Մանուկի ենթադրությամբ, Տեր Արամն էր կանչել։ Ընդամենը չորս օր առաջ «Ազատության» հետ զրույցում Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը կատարվածից մանրամասներ է հայտնել․«Մինչ ոստիկանների ժամանումը, Տեր Արամն սպառնացել է վռնդել Վանքից։ Բառացի կրկնում եմ նրա բառերը՝ «Երեք ժամ ժամանակ եմ տալիս, որ եկան Վանքից դուրս են վռնդելու քեզ»։

Այնուհետև՝ Տեր Մանուկը, ինչպես «Ազատությանն» է հայտնում, խժդժություն չհրահրելու համար, հանգիստ դուրս է եկել Վանքից և դեռ ավելին՝ Տեր Արամին առաջարկել է միասին գնան Սուրբ Ստեփանոս Եկեղեցի, երեք-չորս օր փակվեն այնտեղ ու աղոթեն միմյանց համար։

«Ես զգում եմ, որ դու հիմա շատ այլայլալված ես։ Ներքին աշխարհդ խախտված է»,- Տեր Մանուկն այս խոսքերով է դիմել Տեր Արամին ու առաջարկել աղոթել միմյանց համար, սակայն վերջինիս կողմից մերժվել է։

Հիշեցնենք, Սուրբ Հովհանավանքում կատարվածից 4 օր անց, այսօր առավոտյան ձերբակալվում և Քննչական Կոմիտե է տարվում 5 հոգևորական, այդ թվում, Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը»։