Ի՞նչ դրոշ են բելառուսցիները ցույցերին պահում իրենց գլխավերևում
Ի՞նչ դրոշ են բելառուսցիները ցույցերին պահում իրենց գլխավերևում
Պատմաբան Ռուբեն Շուխյանը գրում է .
«Ուշագրավ է, որ Բելառուսի ներկայիս ցույցերին օգտագործվող բելառուական ազգային կարմիր-սպիտակ դրոշը և թրով-վահանով հեծյալի զինանշանը՝ դա 1918-19 թթ. Բելառուսի անկախ հանրապետության պաշտոնական խորհրդանիշներն են հանդիսանում:
Փաստացի այս դրոշը՝ լեհական դրոշի բելառուսական տարբերակն է, իսկ զինանշանը՝ Լիտվայի ներկայիս զինանշանի տարբերակը, և դա պատահական չէ՝ այս երեք ազգերը դարեր շարունակ եղել են Ռեչ Պոսպոլիտայա միասնական պետության մեջ և միասին են պայքարել ռուսական էքսպանսիայի դեմ:
1991-ին, Բելառուսի անկախության առաջին տարիներին ազգային դրոշն ու զինանշանը կարճ ժամանակահատվածում վերականգնվել էր, բայց ռուսամետ դիկտատոր Լուկաշենկոն իշխանության գալով անմիջապես վերականգնեց Բելառուսի սովետական հանրապետության դրոշն ու զինանշանը՝ չնչին փոփոխություններով:
Էթնիկ առումով բելառուսները շատ մոտ են լեհերին և հեշտությամբ են հասկանում լեհերենը, որը մոտ է բելառուսերենին, իսկ ժամանակին բելառուսական այբուբենը լատինատառ էր՝ լեհական տարբերակով: Սովետական տիրապետության ժամանակ, երբ պայքար էր գնում ամեն լեհականի դեմ, մեծապես տուժեց նաև բելառուսերենը, որն իր հերթին բացասաբար ազդեց բելառուսների ազգային ինքնության պահպանման առումով:
Լուկաշենկոն այդ ամենն ավելի խորացրեց՝ անկախության տարիներին երկրում ամենուրեք սերմանելով միայն ռուսերենը: Հիմա բելառուսները խնդիր ունեն՝ ոչ միայն վերականգնել իրենց դրոշն ու զինանշանը, այլև փրկել ազգային լեզուն, և այդպիսով՝ վերագտնել վերջապես ազգային ինքնությունն ու փրկվել վերջնական ուծացումից:»