Ժողովրդի սառնարաններում պետք է ուտելու բան լինի, երեխաներին հագցնելու խնդիր չունենան, սա է առաջնորդի սերը․ Ռոբերտ Քոչարյան
Ժողովրդի սառնարաններում պետք է ուտելու բան լինի, երեխաներին հագցնելու խնդիր չունենան, սա է առաջնորդի սերը։ Այս մասին «5-րդալիքին» տված հարցազրույցում նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Անդրադառնալով «Մարտի 1»-ի գործին, ՀՀ 2-րդ նախագահն ասաց․ «Հատուկ սպասելիքներ չունեմ այդ դատարանից։ Այս սցենարով նախագծված է՝ լսել մեղադրող կողմին, լսել տուժողների ներկայացուցիչներին եւ հետո մի ուղղակի զավեշտալի պատճառաբանությամբ զրկել պաշտպանող կողմին իր տեսակետն նեռրկայացնելուց։
Նրանք արեցին ամեն ինչ, որ պաշտպանական կողմը չկարողանա ներկայացնել իր տեսակետը, մինչդեռ սա 10 սպանությունների դատավարություն չէ, եւ հասկանալի չէ, թե զոհվածների իրավահաջորդները ինչի համար են հրավիրված։ Սա ուղղակի մի սցենար է, որը ենթադրում է ներկայացնել դատախազության եւ գործադիր իշխանության իրադարձությունների վերսիան եւ զրկել այլ տեսակետներ հնչեցնելու հնարավորությունից:
Իմ փաստաբանական խումբը տարբեր սերունդների փաստաբաններից է բաղկացած, եւ ոչ մեկը երբեք չի լսել եւ չեն պատկերացրել, որ նման բան հնարավոր է: Սա չլսված արտառոց երեւույթ է եւ բնութագրում է այսօրվա Հայաստանի իշխություններին»:
Քոչարյանն ընդգծեց, որ իշխանությունները անում են բոլոր այն սխալ քայլերը, որոնք անում է յուրաքանչյուր առաջին ալիքի հեղափոխական. «Իրենք համարում են, որ ժողովրդի անունից միայն իրենք կարող են խոսել, եւ քանի որ իրենք են ժողովուրդը, ապա իրենք օրենքից վեր են: Իրենք մոռանում են, որ ժողովրդի սերը տատանվող երեւույթ է։ Ժողովրդի սիրուց մինչեւ ատելություն մեկ քայլ է, որի կեսից ավելին իրենք անցել են:
Ժողովրդի նկատմամբ սերը պետք է ղեկավարի կողմից արտահայտվի նրանով, որ ժողովրդի կենսամակարդակն ամեն օր բարձրանա, ժողովրդի սառնարաններում ուտելու բան լինի, երեխաներին հագցնելու, դպրոց ուղարկելու խնդիր չունենան, սա է առաջնորդի սիրո արտահայտության հիմնական բաղադրիչը»։