Մամուլ

«Թքել եմ ձեր բանակի վրա էլ, ձեր հայրենիքի վրա էլ». Մահացած զինվորի հարազատները սպառնում են որդու դին բերել ու դնել ԱԺ-ի մոտ

«Թքել եմ ձեր բանակի վրա էլ, ձեր հայրենիքի վրա էլ»: Մահացած զինծառայող Արթուր Աջամյանի հարազատները բողոքի ցույց են անում ԱԺ շենքի մոտ: Նրանք սպառնում են դիահերձարանից որդու դիակը բերել ու դնել ուղիղ ԱԺ-ի դիմաց, պահանջում են ասել պատճառը, թե ինչի են սպանել իրենց որդուն: Նրանց խոսքով՝ դիահերձման ժամանակ ասել են, որ մարմնի վրա կապտուկներ կան, մինչդեռ իրենց փոխանցում են, թե Աջամյանն ինքնասպան է եղել:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 06:50-ի սահմանում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արթուր Իշխանի Աջամյանը, իսկ զինծառայող, 1999թ. ծնված Դավիթ Հարությունի Մելիքբեկյանը վիրավորվել է: Հարազատները վստահ են՝ կռիվ է եղել ու իրենց որդուն սպանել են:

Աջամյանի մայրը, հարազատները վրդովված էին, հորդորում էին պարզել՝ այդ օրը հարձակում, հակառակորդի կրակոց չի եղել, ո՞նց եղավ, որ իրենց որդին մահացավ. «Կարո՞ղ է գիտեք դուք պաշտոնավոր եք, մենք էլ անգրագետ չոբան ենք: Թքել եմ ձեր բանակի վրա էլ, ձեր հայրենիքի վրա էլ»:

Մոր՝ Գոհար Ֆերոյանի խոսքով՝ «Ես ձեզանից ոչ մի բան չեմ ուզում, իմ բալին բերեք: Որերո՞րդ դեպքն է, փոքր ազգ եք տեսել ձեր մեջ, Քյարամ Սլոյանին սպանեցին, էդքան եզդի փոքր ազգի մեջ, ես ուզում եմ իմ երեխին սպանողի արյունը խմեմ ասեմ՝ բալա ջան, ես քո արյունը վերցրել եմ, ես աղաչում եմ, գնացեք իմ բալին բերեք: Ո՞վ է սպանել, սպանողին բերեք: Իմ  զինվորին եմ ուզում, իմ մինուճարին: Իմ երեխեն խելոք է եղել, չէր ծխում, չէր խմում, հարգանքով, պատվով երեխա է եղել…

արթուր աջամյան

Ամսի մեկին եմ խոսացել, ասեց՝ մամ ջան, ես դիրքերում եմ, ամեն ինչը լավ է իմ մոտ, երանի թուրքի ձեռով գնար իմ բալեն»: Մահացած զինվորի հարազատներին սկզբում հանդիպեց ԱԺ-ում եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը, որը եզդիերեն փորձեց բացատրել, թե ԱԺ-ն ի՞նչ կապ ունի, որ եկել եք ԱԺ-ի մոտ: Հարազատներն ասացին, որ եզդի ազգի տարբերություն են զգում, Բաքոյանը հակադարձեց, թե նման տարբերություն չկա: Նա բացատրեց, որ քրգործ է հարուցված, այն ընթացքի մեջ է:

Բաքոյանը ցավակցեց մահացածի հարազատներին ու հորդորեց չազգայնականացնել, ազգային խտրականության տարր փնտրել՝ Աջամյանի մայրն էլ ասաց, որ ոչ մեկի ցավակցությունը չեն ուզում: Հետո հարազատներին մոտեցավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Նա ասաց. «Ես ձեզանից մեկն եմ, ես էլ եմ ծննդաբերել երեխա, հասկանում եմ ձեր արդար պահանջը, ամեն ինչ անելու եմ ինձանից կախված, որ եթե սա սպանություն է, որեւէ որակավորում չստանա: Ես երդվում եմ Աստծո առաջ՝ վերջ: Ոչ մի բան չի կոծկվելու, ոչ մի մեղավոր անպատիժ չի մնալու, չե՛նք թողելու»: Ցուցարարների հետ հանդիպեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Նա ասաց, որ ամբողջ ծավալով ճշմարտությունը հասանելի կլինի. «Սա ամենաահավոր բանն է, որ բանակում տեղի է ունենում սպանություն, ինքնասպանություն, պետք է արմատախիլ անել դա բանակից»: Արթուր Աջամանի հարազատներից մեկը՝ հորեղբայրը նրան ասաց՝ որտե՞ղ է գտնվել իրենց սպան, իրենք զորամասից զանգեր են ստանում, ասում են՝ կռիվ է եղել, որի արդյունքում սպանել են Արթուրին.

«Մենք վստահ ենք, որ եղել է սպանություն, կա երրորդ մարդ, քննչական մարմիններին հարց ենք տալիս, եթե կա վիրավոր, ուզում ենք տեսնենք, վիրավորին մեր հարցերը տանք, ո՞ր է վիրավորը…երեխայի մատները ջարդված են եղել»: Անդրանիկ Քոչարյանը խոստացավ, որ ԱԺ կբարձրանա ու ճշտումներ կանի, եթե պետք լինի՝ կհրավիրի իր մոտ: Հարազատներն ասացին, որ չեն սպառնում, բայց վաղվան չեն սպասի.

«Եթե չլինի դրական պատասխան՝ դին բերում ենք ստեղ»: ՊՆ-ից ՊԲ հրամանատարի տեղակալ գնդապետ Ստյոպա Գեւորգյանը եւ ՀՀ զինկոմի պաշտոնակատարը նույնպես հանդիպեցին մահացած զինվորի հարազատներին: Նրան վստահեցրին, որ ոչ մի բան չեն թաքցնելու ու բոլոր հարցերը պարզաբանվելու են: Նրանք նաեւ տեղեկացրեցին, որ մյուս զինվորը, որը վիրավորվել էր, կոմայի մեջ է:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել