Մամուլ

«Թքած ունեն անտառի, բնության և սերունդների առողջ ապագայի վրա»․ «Դիլիջան» ազգային պարկը վտանգի առջև է կանգնած

Հրավիրում ենք ոստիկանության, բն. նախարարության և իհարկե ցանկացած խելքը գլխին հայի ուշադրությունը:

Ու սա մեր ամենօրյա տեսածի մի փոքրիկ մասն է ընդամենը:

Ինչպես ցանկացած դեպք, այս մեկը նույնպես ունի նախապատմություն: Ընդամենը երկու օր առաջ հանդիպում ունեցանք Հաղարծին և Թեղուտ գյուղի բնակիչներից շատերի հետ հենց մեր տան բակում: Այնտեղ ավելի լավ ծանոթացանք, մեկս մյուսին խոստումներ տվեցինք, որից ամենակարևորն այն էր, որ այդ երկու գյուղերի բնակիչներն ամեն ինչ կանեն, որպեսզի ծառ չկտրվի: Համաձայն պայմանավորվածության, նրանք պիտի անտառից հանեին թափուկ հանդիսացող ծառերը: Այսինքն այն ծառերը, որոնք ընկել էին քամուց, սողանքների հետևանքով և այլն:

Հաջորդ օրվանից սկսած մեծաքանակ խմբերով անտառ մտան փայտ կտրողները, որոնք բնականաբար ունեին «Դիլիջան» ազգային պարկի կողմից թափուկ հանելու թույլտվություն: Տարածքը մեծ է, և մեր այս պահին ունեցած ռեսուրսներով անտառ հսկելը հեշտ գործ չէ: Մեր թիմի անդամների մոտի GPS-ները ֆիքսում էին, որ մեր տղերքն ամեն օր քայլում են 20 կմ-ից ավելի և այն էլ քանդուքարափ, փշոտ, թեք լեռնային ճանապարհներով:

ԱՅՍ ՖԻԼՄՈՒՄ ԿՏԵՍՆԵՔ, ԹԵ ԻՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՔԱՄԱՏԱՊԱԼ ԾԱՌ՝ ԱՆՏԱՌԸ ԱՎԻՐՈՂՆԵՐԻ ՈՒ ԳՈՂԱՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ: Կհասկանաք, որ կոնկրետ այսպես վարվող անձինք թքած ունեն թե անտառի, թե բնության և իրենց իսկ հիմարության պատճառով նաև իրենց սերունդների առողջ ապագայի վրա:

Ուզում ենք նաև նշել, որ մեր հսկողության տակ գտնվող տարածքում հենց վերևում նշված երկու գյուղերն են ամենամեծ վնասը հասցնում Հայաստանի առանց այդ էլ արդեն անտառ չունեցող տարածքներին, որովհետև, ինչպես իրենք են նշում,- գյուղի բնակչության 70-80% ապրում է հենց դրա հաշվին: Այս գյուղերում չկա ու չեն էլ պլանավորում ստեղծել որևէ արտադրություն, չկա ու չի էլ պլանավորվում ստեղծել եկամտի որևէ աղբյուր:

Իրավիճակը մոտ է կրիտիկականին: Նորաստեղծ կառավարությունը կամ պիտի աչք փակի այս ամենի վրա, կամ ամսական որոշակի գումար բաժանի գյուղացիներին, որպեսզի նրանք հրաժարվեն անտառ խժռելուց, կամ էլ պիտի ստեղծի եկամտի այլ միջոցներ, որովհետև ինչպես ցույց տվեց մեր փորձը և տարիներով անտառը թալանելու անցյալը՝ տեղի ժողովուրդը չի էլ պատրաստվում ինքն իր գլխի ճարը տեսնել ու անտառից հեռու մնալ:

Ամենայն հավանականությամբ այս ամենից որևէ մեկը դժվար թե մոտ ապագայում ունենա: Այդ իսկ պատճառով մենք ՍՏԻՊՎԱԾ պիտի կաշվներիցս դուրս գանք ու փորձենք որևէ բան անել:

ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՏԱՌԸ ԱՏԱՄՆԵՐՈՎ ՊԱՀԵԼՈՒ ԵՆՔ․- գրված է «Բնապահպանի» տուն ֆեյսբուքյան էջում։

Ստորև տեսանյութը՝

 

Կիսվել