«Թվում է, թե աշնանը «ճտեր հաշվող» Վիգեն Սարգսյանը պահը լավ բռնացրել է». Ատոմ Մարգարյան
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թվում է, թե աշնանը «ճտեր հաշվող» Վիգեն Սարգսյանը պահը լավ բռնացրել է. ԱՄՆ Նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի Հայաստան այցը, բանակցությունները վարչապետ Փաշինյանի հետ ու նրա՝ տեղ-տեղ կոշտ ու երկիմաստ հայտարարություններն առատ նյութ են տվել երբեմնի ռեֆերենտին ու Պնախարարին խելքից դուրս մի հսկայական տեքստ զետեղել իր դիմագրքում՝ վարչապետին ոչ ավելի ոչ պակաս մեղադրելով «տասնամյակներով ստեղծածը հետևողականորեն ավերելու» մեջ։ Այստեղ գուսանը կասեր՝ խելքի աշեցեք։
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ տասնամյակների ձեռքբերումների մասին է խոսքը։ Այն տասնամյակների՞, որի սկիզբը հոկտեմբերի 27-ի ոճրագործությունն էր, իսկ վերջը արդեն դասական դարձած «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալ» արտահայտությունը։ Այն տասնամյակների՞, որի ընթացքում հետևողականորեն թալանվեց ազգային հարստությունը, ընդերքի կողոպուտը աննախադեպ չափերի հասավ, մի քանի տասնյակ ընտանիքների հաջողվեց սեփականել երկրի ազգային հարստության 60 տոկոսից ավելին, անելանելիությունից երկիրը լքեցին հարյուր հազարավոր հայորդիներ, երկրում ծաղկեց կոռուպցիան, աղքատությունը, անբարոյականությունը, կլանայնությունը։ Այն տասնամյակների՞, երբ երկրի ռազմավարական նշանակության ենթակառուցվածքներն ու էներգետիկ օբյեկտները ամբողջությամբ նվիրաբերվեցին Ռուսաստանին, երկրի արտաքին պարտքը հասավ առասպելական չափերի ու երկիրը ըստ էության հայտնվեց ուզվորի կարգավիճակում։
Այն տասնամյակների՞, երբ բոլոր մակարդակի ընտրությունները կեղծելով, օրվա իշխանությունը բռնություններով ու ընտրակաշառքով վերարտադրում էր էությամբ կոնսոլիդացված քրեապետությունը։ Ու այս պայմաններում ի՞նչ ազգաշահ ու արժանապատիվ արտաքին քաղաքականության ձեռքբերումների մասին է խոսում երբեմնի ռեֆերենտը։
Հասկացանք՝ դեմը ընտրություններ են ու պետք է ամեն ինչ անել՝ մի կերպ Ազգային ժողովի անցողիկ շեմն հաղթահարելու ու խորհրդարան սպրդելու համար։ Բայց այս գնո՞վ, “գյուղից մարդ չկա” տարբերակո՞վ։ Բան չի ստացվի։
Իսկ բովանդակային առումով հայ-ամերիկյան, ինչպես և հայ-ռուսական հարաբերությունների օրակարգերը, այո, մեծ հաշվով, լուրջ ռեստարտի կարիք ունեն։ Հայաստանը շանս է ստացել շտկելու մեջքը։ Թավշա հեղափոխությունը հայկական կողմին հնարավորություն է տվել վերականգնելու ԵՐԿՐԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ արտաքին հարաբերություններում։ Եվ դա շատ լավ են հասկանում թեʹ Վաշինգթոնում, թեʹ Բրյուսելում, և թեʹ Մոսկվայում։ Իսկ տարբեր տրամաչափի բանագնացները, որ գալիս ու գնում են, բնականաբար ներկայացնում են իրենց երկրների շահերը։ Ու պետք չէ կառչել բառերից ու մազը գերան սարքել՝ ինչ է թե բանագնացներից ոմանք քիչ կոպիտ, ջղաձիգ կամ կատեգորիկ են։ Դա էլ, իմիջայլոց խոսում է այն մասին, որ մեր երկրում իրոք իրավիճակ է փոխվել ու գործընկեր երկրները չեն կարող հաշվի չնստել մեր շահերի հետ»։