Թուրքիայում կայացած գեղեցկության մրցույթում Հայաստանը ներկայացնող Անուշ Սահակյանն արժանացել է թագի
Թուրքիայում մայիսի 13-ին կայացել է «Miss 7 Continents» միջազգային գեղեցկության մրցույթը, որտեղ Հայաստանը ներկայացնող մոդել՝ 27-ամյա Անուշ Սահակյանն արժանացել է թագի՝ գրավելով 3-րդ պատվավոր հորիզոնականը: Մրցույթի հաղթող է ճանաչվել Ֆինլանդիայի ներկայացուցիչը:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում մրցույթի հիմնադիր եւ կազմակերպիչ Աշոտ Խաչատրյանը նշեց, որ միջոցառումը կայացել է Բոդրում քաղաքում: Մասնակից աղջիկների թիվը հասնում էր 45-ի, նրանք ժամանել էին 30 տարբեր երկրներից:
Մրցույթի մեկնարկը տրվել է մայիսի 5-ին: Աղջիկները հանդիսատեսի եւ ժյուրիի առջեւ ներկայացել են 4 տարբեր փուլերով՝ ցուցադրելով ազգային տարազ, լողազգեստներ, կոկտելային եւ երեկոյան զգեստներ:
Աշոտ Խաչատյանի խոսքով՝ մրցույթին ներկա է եղել նաեւ Բոդրումի քաղաքապետը: Հայաստանը ներկայացնող գեղեցկուհին բացի 3-րդ տեղի մրցանակից՝ արժանացել է նաեւ «Լավագույն կազմվածք» տիտղոսին:
Հարցին, թե ինչպես են Թուրքիայում ընդունել հայ մոդելին՝ մրցույթի կազմակերպիչը պատասխանեց.
«Ոչ մի քաղաքական խնդիր… Դեռ ավելին՝ ամբողջ դահլիճը՝ հանդիսատեսն ու ժյուրին, հիացած էին Անուշի ելույթով»:
«Miss 7 Continents» մրցույթն անցկացվում է արդեն 12 տարի:
Ինչ վերաբերում է հայ գեղեցկուհուն՝ նա արդեն Հայաստանի ճանապարհին է: Իր տպավորություններով Անուշը կկիսվի ավելի ուշ։
Աղբյուր՝ news.am