Թուրքիայի համար Սյունիքը տալիս է «Մեծ Թուրան» նախագիծն իրականացնելու հնարավորություն․ ի՞նչ է տալու Մեղրիի միջանցքը
Թուրքիայի համար Սյունիքը տալիս է «Մեծ Թուրան» նախագիծն իրականացնելու հնարավորություն․ ի՞նչ է տալու Մեղրիի միջանցքը
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սյունիքի կարևորությանը Ռուսաստանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի և Իրանի համար։
«Իրանի համար Սյունիքը արտաքին սահման է: Ելք դեպի ԵԱՏՄ (որին ցանկանում է միանալ): Միակ ցամաքային սահմանը ԵԱՏՄ-հետ: Եթե Իրանը կորցնում է այս սահմանը, ապա ամբողջապես հայտնվում է Թուրքիայից (ՆԱՏՕ) կախվածության մեջ:
Իրանը կորցնում է նաև դեպի Սև ծով և Եվրոպա դուրս գալու (Հայաստանի և Վրաստանի միջով) Թուրքիայից անկախ ճանապարհ: Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև ԱՄՆ և Իսրայելի շահը:
Թուրքիայի համար Սյունիքը տալիս «Մեծ Թուրան» նախգիծն իրականացնելու հնարավորություն: Սա էապես բարձրացնելու է Թուրքիայի ազդեցությունը իսլամական և թյուրքական աշխարհում: Թուրքիան դառնալու է գլոբալ գերտերություն (ԱՄՆ-ի և Չինաստանի պես):
Դրանից զատ, միջինասիական երկրների նավթագազային ռեսուրսները (և ոչ միայն միջինասիական) կանցնեն Սյունիքով (այն կարող է լինել Ադրբեջանի կամ Թուրքիայի կազմում) ինչի արդյունքում Եվրոպան էներգակիրների հարցում կախված կլինի ոչ թե Ռուսաստանից, ինչպես որ հիմա է, այլ բացառապես Թուրքիայից:
Կարծում եմ այս պարբերությամբ նկարագրեցի նաև Ռուսաստանի շահը: Գումարած դրան Ռուսաստանի ազդեցությունը էապես կնվազի ոչ միայն Եվրոպայում, այլև Միջինասիայում: Միաժամանակ Ռուսական ռազմաբազա Սյունիքում նշանակում է ռազմաբազա Թուրքիայի քթի տակ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով:
Իսկ հիմա պատմական անդրադարձ: Դեռևս 1992թ. Թուրքիայի նախագահ Օզալը Բուշ ավագին համոզում էր: «Եկեք փոխանակենք Սյունիքը Ղարաբաղի հետ: Ղարաբաղը հայերին, Սյունիքը՝ Ադրբեջանին:
Բոլոր խողովակաշարերը գնում են Ռուսաստան կամ Ռուսաստանի տարածքով են անցնում։ Նույնիսկ հիմա Թուրքմենական գազը գնում է Ռուսաստանի միջով։ Իմ պլանի օգնությամբ մենք կարող ենք այդ խողովակաշարը Ադրբեջանի միջոցով միացնել Թուրքիային և տանել Եվրոպա։ Այս պետությունները կարիք ունեն դուրս գալու դեպի Եվրոպա ոչ Ռուսաստանի տարածքով»։
Եվ այս ամենում ցավալին այն է, որ Հայաստանի իշխանությունները դավաճանաբար տապալել են Հայաստանի ինքնապաշտպանության կազմակերպման բոլոր հնարավորությունները: