Մամուլ

Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել․ Արթուր Չախոյան

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, ես և մեր բակի բնակիչները պայքարում ենք, որպեսզի մեր բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։ Մենք ակտիվ մասնակցել ենք օրենքով նախատեսված չորս հանրային քննարկումներին, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը վերջին հանրային քննարկմանը նույնպես տվել է բացասական եզրակացություն 18-հարկանի շենքեր չկառուցելու համար։

Սակայն մեր ուրախությունը երկար չտևեց:

Սեպտեմբերի 9-ին Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է մեր բակի միակ խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։

Սա այն դեպքում, երբ ավագանին նախորդ երեք անգամ արդեն մերժել էր շինթույլտվություն տրամադրելու հարցը։ Այսինքն՝ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքի փոխարեն ուզում են կառուցել 18-հարկանի շենքեր։

Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։

Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներս և խաղահրապարակի համար մեկ փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին՝ ավագանու նիստի օրը, իրականացնելու ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը և համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում։

Բոլոր լրատվականներին խնդրում եմ Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:00-ին, լուսաբանել ակցիան»։