Թոշակառուն Վրաստանից գնած մեքենայի պատճառով «կրակն է ընկել»
Թոշակառուն Վրաստանից գնած մեքենայի պատճառով «կրակն է ընկել»
Oragir.news-ը գրում է․ Ալավերդու բնակիչ 69-ամյա Սամվել Խանամիրյանը հայտնվել է անելանելի վիճակում: Երկար տարիներ Երեւանում հանրային տրանսպորտի վարորդ է աշխատել: Գիտակցելով, որ տարիքային սահմանափակման հետ կապված երկար աշխատել չի կարող, գումար է կուտակել ու որոշել սեփական մեքենա ձեռք բերել՝ հետագայում դրանով գումար վաստակելու նպատակով:
Իր ունեցած գումարով հայաստանյան շուկայից մեքենա գնել չէր կարող, որոշեց գնել հարեւան Վրաստանից, որտեղ մեքենաները համեմատաբար մատչելի են: Սակայն ֆինանսական խնդիրների պատճառով քաղաքացին չի կարողացել, ինչպես օրենքն է պահանջում, տարին մեկ սահման անցկացնել, քանի որ մեքենան խափանվել է, իսկ հետո ֆինանսական խնդիրներ են առաջացել:
Մեքենայի գնումը Սամվելը համարում է իր կյանքի ամենամեծ սխալը: Արդեն երկար տարիներ այդպես էլ գրեթե չշահագործված մեքենան իր համար դարձել է գլխացավանք:
ՊԵԿ-ը քաղաքացուն տուգանել է շուրջ 600.000 դրամով, իսկ հետո այս գումարին ավելացել են նաեւ տույժեր, ու ստացվում է, որ այժմ աշխատանք չունեցող թոշակառուն պետությանը պարտք է մոտ 850.000 դրամ, գրեթե նույնքան, որքան արժեցել է Վրաստանից գնված մեքենան: