«Թող գնան ու կարդան Աստվածաշունչ, որ մարդկությունը առաջացել է Ադամից և Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»․ Գևորգ Պետրոսյան
«Դա մեր արժեհամակարգը քայքայող, մեր ազգային անվտանգության համար լուրջ սպառնալիք ներկայացնող խնդիրներ են եւ համասեռամոլները, եւ այն աղանդավորականները, որոնք օրը ցերեկով ինչ ասես անում են, բայց հրաժարվում են զենք բռնել՝ ինչ է դա հակասում է իրենց աղանդավորական մոտեցումներին», – այսպիսի կարծիք հայտնեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ նա Շուռնուխի դեպքերից հետո այսպիսի գրառում էր արել ֆեյսբուքյան իր էջում. «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի եւ ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»:
Եվ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն այսօր ՀՔԾ է դիմել՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար, քանի որ գտնում է, որ պատգամավորն ատելության քարոզ է անում: Գեւորգ Պետրոսյանի խոսքով՝ «Իմ գրառումն արժանացել է բազմահազարավոր քաղաքացիների հավանությանը: Ես այդ գրառումը չեմ արել լայքեր կուտակելու մոլուցքով, բայց իմ ասածի հետ… իմացած եղեք, որ գրառումն արտահատել է նաեւ իրավական համակարգում աշխատող հազարավոր ընկերների հավանությունը, պարզապես իրենք իրենց կարգավիճակից ելնելով, քանի որ գրառումներ կատարելու եւ լայքեր դնելու անհրաժեշտություն չեն տեսնում՝ ելնելով կարգավիճակից… դա չի նշանակում, որ իրավապահ համակարգը ամբողջությամբ այն կարծիքին է, որ ես ատելություն եմ բորբոքել:
Ես ոչ թե ատելություն, այլ կարծիքս եմ արտահայտել նման կարգավիճակի մարդկանց, ովքեր ի վիճակի են իրենց սեռական ոչ ավանդական կողմնորոշումներով խարխլել մեր հայկական բարքերը, մեր արժեհամակարգը, մեր երկրի անվտանգությունը:»: Գեւորգ Պետրոսյանը հորդորեց. «Թող գնան ու կարդան Աստվածաշունչ, որ մարդկությունը առաջացել է Ադամից եւ Եվայից, ոչ թե Ադամից ու Պողոսից»: Մեր հարցին՝ ձեր գրառման տակ երբ մեկը գրում է՝ «Դրանց քարով խփելն էլ ա քիչ, Գեւորգ ջան, տենց կոպիտ բաները կասես իրար հետ կանենք» ու դուք «լայք» եք դնում, դրանով նաեւ բռնությանը չեք սատարո՞ւմ՝ Գեւորգ Պետրոսյանը պատասխանեց. «Գիտեք ինչ, հիմա մարդը ասենք թե իր լեքսիկոնը ունի, ես հո չեմ մտնի ամեն գրառման տակ գրեմ՝ քարով խփելն արգելվում է: Կարեւորն ինձ համար, որ մարդը արտահայտել է իր դիրքորոշումը, կարող է ես համաձայն եմ, կարող է ես համաձայն չեմ»:
Մենք ճշտեցինք, այսինքն, երբ դուք «լայք» եք դնում, դա դեռ չի նշանակո՞ւմ, որ դուք համաձայն եք այդ մտքի հետ՝ Պետրոսյանը պատասխանեց. «Եթե լայք եմ դրել, դա չի նշանակում, որ ես իր գրառման բոլոր կետերի հետ համաձայն եմ, հիմա պատկերացնո՞ւմ եք ես բանուգործս թողեմ, բոլոր գրառումները գրաքննության ենթարկեմ, թե այստեղ ինչ ուղղագրական սխալ է արել: Կարեւորը, որ մարդը համաձայն է նրան, որ մեր երկրում դա համարվում է սպառնալիք»:
Նա ասաց, որ գրառումների տակ նաեւ հայհոյանքներ են լինում. «Հիմա ի՞նչ անեմ, էդ հայհոյանք գրողին տանեմ դատի՞ տամ: Պետք չի էդ լայքն ընդունել՝ որպես բռնության քարոզչության համար համաձայնություն: Կարեւորը՝ մարդը համաձայն է, որ Հայաստանում աղանդավորներն ու համասեռամոլները չարիք են»: Պետրոսյանը վստահեցրեց, որ ինքը մնում է իր կարծիքին ու եթե մեկը գտնում է,որ այդտեղ օրենքի խախտում կա, ինքը իր ամեն մի ասածի համար պատասխանատու է, թող գնան դիմեն իրավապահներին:
Ամբողջական հոդվածը՝ aravot.am ։