Մամուլ

Թող բոլորը ունենան Նիկոլ Փաշինյանի՝ երևույթները տեսնելու խորությունը․ Անահիտ Բախշյան

Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ընտրական ցուցակի անդամ Անահիտ Բախշյանը շատերին՝  այդ թվում Հայկ Մարությանին խորհուրդ  է տալիս կարդալ Նիկոլ Փաշինյանի՝  «Երկրի հակառակ կողմը»  գրքի «Հեղափոխականի մահը» գլուխը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բախշյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետի  «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ սեւերի եւ սպիտակների վերաբերյալ հայտարարությանը:

«Շատ լուրջ բանաձեւեր կան այնտեղ, թող բոլորը կարդան եւ ունենան Նիկոլ Փաշինյանի՝ երեւույթները տեսնելու խորությունը»,-ասաց նա՝ նշելով, որ Մարությանի  հայտարարությունը քաղաքական փորձի պակասի  արդյունք էր:

Նա միաժամանակ նկատեց, որ նախընտրական շրջանում նման վրիպումներն անխուսափելի են:

Խոսելով Երեւանի ավագանու ընտրություններում ներկայացվելիք նախընտրական ծրագրերի մասին, Բախշյանը նշեց, որ կարեւոր է, որպեսզի ծրագրերը լինեն իրատեսական:

«Անգամ նախկինում ՀՀԿ-ի ծրագրում կային կետեր, որոնք իրականացվել են, եւ մենք չենք կարող դա ուրանալ: Պետք  է ազնիվ լինենք եւ արձանագրենք, որ ՀՀԿ-ի 100 կետանոց ծրագրից 5-10 կետն իրագործել են: Սակայն մենք  համամիտ չենք Երեւան քաղաքի բյուջեի ծախսման այն արատավոր համակարգին,  որ եղել է»,-ասաց նա՝ նշելով, որ հնարավոր է բյուջեն խելամիտ տնօրինել:

«Երեւանի ավագանու ընտրությունները քննություն են մեր հասարակության համար: Բոլոր կուսակցությունները եւ դաշինքները պետք է պատվով անցնեն այդ ստուգարքը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ մենք կարող ենք արդար ընտրություններ կատարել»,-նշեց բանախոսը:

Աղբյուր՝ news.am

Կիսվել