Մամուլ

«Թշնամու մոտ որոշ ծրագրային փոփոխություններ կան». Վարուժան Գեղամյան

«Թշնամու մոտ որոշ ծրագրային փոփոխություններ կան». Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թշնամական երկրի ղեկավարը քիչ առաջ հանդես եկավ Ադրբեջանի ժողովրդին ուղղված կոչով, որն իր հռետորական ոճով նպատակ ուներ լինելու իրենց կոչած «Սեպտեմբերյան պատերազմի» հաղթական ճառը։ Սակայն ճառում արտահայտած մտքերը, ինչպես նաև ադրբեջանական կողմի ձեռքբերումների թվարկումը ոչ միայն որևէ կերպ հիմնավորված չեն, այլև վկայում են թշնամու մոտ որոշ ծրագրային փոփոխությունների մասին։

Փորձեմ զգուշավոր ենթադրություն անել (սա բառիս բուն իմաստով միայն ենթադրություն է), որ ճառն ուղղված է ադրբեջանական լսարանի մոտ արդարացնելու պատերազմի առաջին 15 օրը (որը կարելի է որպես առաջին փուլ որակել) և եղածը ձևակերպել որպես նախ ռազմական հաղթանակ (հենց դրա համար էր ելույթը սկսվում գրավված և գոյություն չունեցող գյուղերի ու այլ բնակավայրերի, ինչպես նաև զինտեխնիկայի մանրամասն թվարկումով, որը խոշոր հաշվով ոչինչ է), ապա նաև որպես քաղաքական հաղթանակ (ստատուս քվոյի փոփոխություն, Հայաստանի՝ բանակցությունների սեղան վերադարձ և այլն)։

Եթե մի կողմ թողնենք ելույթի բուն բովանդակությունը, ինքնին կարևոր է նաև նմանատիպ ուղերձների փոխանցումը հենց այսօր։ Դարձյալ կարելի է զգուշավոր ենթադրություն անել, որ այս ելույթը ունի ոչ միայն արտաքին լսարան, այլև ներքաղաքական։

Սակայն ավելին ասելու համար անհրաժեշտ է ժամանակ, ուստի կշարունակենք հետևել ու միաժամանակ առանց մի րոպե կորցնելու զգոնությունը՝ թիկունքն ու ճակատը պահենք առաջին օրվա պես»:

Կիսվել